ԱՄՆ ՊԵՏԴԵՊ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՈՐՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԸՆԿԱԼՎԵԼ, ՍԱԿԱՅՆ․․․

ԱՄՆ Պետդեպարտամենտը պնդում է, որ Ռուսաստանը, հնարավոր է, ձգտում է պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, այլ ոչ թե՝ լուծել այն: Չորեքշաբթի նման տեսակետ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը: Նա ելույթ է ունեցել Վաշինգտոնում «Թուրքական ժառանգություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված առցանց սեմինարին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես Ադրբեջանի իշխանությունների կողմից դժգոհության աճ եմ սպասում, քանի ռուս խաղաղապահները, կարծես, երկարաժամկետ են մնում Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Քենթը:

Ընդ որում, նկարագրելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, նա փաստացի մեղադրել է Ռուսաստանին հակամարտությունը երկարաձգելու մեջ, ինչպես նաև մեջբերել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարի անանուն տեղակալի խոսքերը: «Նոյեմբերին Վրաստանի փոխարտգործնախարարներից մեկն ասել էր.«Սա այն իրավիճակն է, որում մենք (Վրաստանը) գտնվում էինք 1998 թվականին: Այնուհետև Ադրբեջանը կհայտնվի իրավիճակում, որում մենք (Վրաստանը) գտնվում էինք 2008 թվականին: Իսկ հետո այն կհայտնվի մի իրավիճակում, որում Վրաստանը գտնվում է հիմա»,- ասել է Ամերիկայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյան: «Սա բավականին հոռետեսական, բայց գուցե իրատեսական գնահատական ​​է նրա, թե ինչպես է Ռուսաստանը շահարկում մանիպուլացում հակամարտությունը (Ղարաբաղում) իր սեփական շահերի համար՝ առանց խնդիրն իրականում լուծելու ձգտման և թույլ տալու, որպեսզի երկրները (Հայաստանը և Ադրբեջանը) առաջ շարժվեն»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ, Քենթը հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները ողջունում են Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի շուրջ: «Մենք բոլորս ողջունում ենք ռազմական գործողությունների դադարեցումն անցած նոյեմբերին, երբ (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինը պայմաններ առաջադրեց (հրադադարի հաստատման)»,- ասել է նա:

Ամերիկացի դիվանագետի կարծիքով՝ «անվտանգության տեսանկյունից խոշոր մարտահրավեր է մնում. ինչպե՞ս մոտենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն այնպես, որպեսզի երկու երկրները հնարավորություն տան համաձայնության հասնել վերջնական կարգավիճակի ձեռք բերման վերաբերյալ: «Ադրբեջանը կարող է որպես պատերազմում հաղթած ընկալվել: Սակայն դա ճգնաժամի կարգավորման չի հանգեցնում՝ ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը, հնարավոր է, հաղթեց առաջին պատերազմում քառորդ դար առաջ»,- հայտարարել է Քենթը:

Նրա խոսքով՝ մինչ այժմ կարգավորումն ընթանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի և «համանախագահների գործընթացի շրջանակներում, որը համատեղ վարում էին ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը»: «Կարծում եմ, որ այս մեխանիզմի համար որոշ մարտահրավերներ կան: Կա՞ արդյոք անկեղծ հետաքրքրություն, որպեսզի մենք շարունակենք»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Նրա կարծիքով՝ Մինսկի խումբն «առանցքային կմնա այնքանով, որքանով որ երկու երկրներն իրենք պատրաստ կլինեն լիազորել մեխանիզմը համաձայնության ձեռքբերման համար»:

«Եվս մի հարց է բաց մնում՝ Ռուսաստանի մտադրությունը,- կարծում է Քենթը:- Այն (Ռուսաստանը) որոշեց (համաձայնեցման) հրադադարի պայմաններին չհասնել Մինսկի խմբի համանախագահների մեխանիզմի միջոցով... այլ ուղիղ դա տրամադրեց... եռակողմ ձևաչափով»,- ասել է դիվանագետը:

Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին հակամարտության կարգավորման հարցում, եթե Բաքուն և Երևանը հետաքրքրված են դրանում: «Այնքանով, որքանով Հայաստանը և Ադրբեջանը հանձնառու են խաղաղ կարգավորմանը և Մինսկի խմբի համանախագահների գործընթացի լիազորությունների օգտագործմանը, Միացյալ Նահանգները շարունակում են պատրաստ լինել օգնել երկու երկրներին առաջ գնալու ճանապարհ գտնելու հարցում և հակված են դրան»,- հայտարարել է պետքարտուղարի օգնականի տեղակալը:

Բացի այդ, նա կանխատեսել է, որ «պոտենցիալ կերպով դա այլ բարենպաստ հնարավորություններ է բացում», այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ապագայի ջերմացման համար: Այնուամենայնիվ, այդպիսի բան «հնարավոր է ոչ այս ամիս և ոչ այս տարի», այլ միայն հեռավոր ապագայում, խոստեվանել է Քենթը:

News.am