Newsweek․ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԱՄՆ-Ն 1915-1923 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԵՐԻ ՍԻՍՏԵՄԱՏԻԿ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՎԱՆԻ ՈՐՊԵՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատմությունը նշանակություն ունի: Ժամանակն է, որ Միացյալ Նահանգներն անվանեն ցեղասպանություն 1915-1923 թվականներին հայերի սիստեմատիկ սպանությունները: Դա են հաստատում պատմական փաստերն ու դա է հաստատում Միացյալ Նահանգների դիրքորոշումը դեպի նրանց, ովքեր տառապում են զանգվածային հանցագործություններից: Հայոց ցեղասպանության օրը՝ ապրիլի 24-ը, նախագահ Բայդենի համար հարմար առիթ է պատմական ռեկորդ հաստատելու համար, գրում է կրոնական փոքրամասնությունների հարցերով ԱՄՆ Պետդեպի նախկին հատուկ խորհրդական Նոքս Թեմսը Newsweek-ում հրապարակված իր հոդվածում:

Օսմանյան կայսրությունը, որը տեղակայվել է ժամանակակից Թուրքիայի տարածքում, իրագործել է հայերի, ինչպես նաև ասորիների և հույների զանգվածային սպանություններ: Պատմաբանների գնահատմամբ՝ զոհվել է 1,5 միլիոն հայ: Դա գաղտնիք չէ: Միայն 1915 թվականին New York Times-ը գրել է 145 հոդված զանգվածային սպանությունների մասին:

ԱՄՆ կառավարությունը տեղյակ էր: ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն փաստաթղթավորել էր դաժան բռնությունը, որի ականատեսն էր դարձել, երբ ուղևորվել էր Օսմանյան կայսրության գյուղական համայնքներ: Նրա հուշերում նկարագրվել են թուրքական իշխանությունների ծրագրերը՝ որպես «մի ամբողջ ռասային մահվան դատապարտում. նրանք դա լավ էին հասկանում և ինձ հետ զրուցելիս այդ փաստը թաքցնելու փորձ չէին անում»:

Ցեղասպանությունները կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիան սահմանում է ցեղասպանությունը՝ որպես «ցանկացած գործողություն, որը միտված է ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնել ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խումբը սպանությունների, լուրջ մարմնական վնաս հասցնելու կամ այլ միջոցներով». 1,5 միլիոն սպանված հայերի փաստը համապատասխանում է այդ սահմանմանը:

Պատմության և իրավունքի տեսանկյունից հարց չի ծագում այդ ոճրագործությունների փաստի և դրանք ցեղասպանություն անվանելու մասին: Սակայն կա այսպես կոչված քաղաքական հարց:

Ռոնալդ Ռեյգանի նախագահության օրերից ի վեր Սպիտակ տունը չի անվանել 1915 թվականի իրադարձությունները՝ որպես հայոց ցեղասպանություն՝ չնայած Կոնգրեսի երկու պալատները ձայների մեծամասնությամբ ընդունել են Ցեղասպանության մասին բանաձև 2019 թվականին: Որպես նախագահի թեկնածու՝ նա խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Նախկինում աշխարհառազմավարական դիրքորոշումները գերիշխել են փաստերի վրա: Ժամանակակից Թուրքիան կտրականապես դեմ է այդ իրադարձությունները Ցեղասպանություն անվանելուց: Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է, որը գտնվում է Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի խաչմերուկում: Դրա սահմանները հատվում են նախկլին ԽՍՀՄ-ին, Իրանին, Իրաքին և Սիրիային: Մենք տվել ենք վրան վետոյի իրավունք:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Բայդենը բախվում է իրադարձությունների եզակի շրջափուլի հետ, որը թույլ է տալիս նրան սահմանել պատմական ռեկորդ: Նա գլխավորում է վարչախումբը, իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը վարում է էլ ավելի խնդրահարույց քաղաքականություն: Ունենալով հնարավորություն՝ ժամանակն է անվանել ցեղասպանությունն իր անունով:

Իհարկե, դա որոշ թուրքերին դուր չի գա, և Էրդողանը կսկսի հոխորտալ, սակայն շատերը կհանաձայնեն, որ դա ճշմարտություն է: Միացյալ Նահանգները չպետք է լռեն պերճախոս շահերի պատճառով ոչ հուսալի դաշնակցի հետ: Մենք պետք է առաջնահերթություն տանք անօգուտ զիջումներին: Ինչպես ասել է նախագահ Բայդենը. «լռությունը մասնակցություն է»:

Տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն: Թեկնածու Բայդենն ճանաչել է դա, և ես հույս ունեմ, որ նախագահ Բայդենը նույնը կանի ապրիլի 24-ին:

News.am