ՀՀ նախագահը դիմել է Սահմանադրական դատարան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթը։

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը փորձագիտական շրջանակների հետ օրենքների փաթեթը քննարկելուց հետո եկել է այն եզրահանգման, որ դրանք առերևույթ հակասում են Սահմանադրությանը, որոշել է դիմել Սահմանադրական դատարան` ԱԺ–ի ընդունած օրինագծերի փաթեթի Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

«Օրենքով առաջարկվող կարգավորումներն իրավիճակային են և առերևույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին և պահանջներին համապատասխանելու տեսանկյունից»,– ասվում է նախագահի մամուլի ծառայության հրապարակած հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia։