Կիրականացվի մինչև 700 հազար անձի կորոնավիրուսի դեմ պատվաստում
«Երբ նախորդ տարի հաշվարկներ էինք անում, և որոշում պիտի կայացնեինք «Կովակս ֆասիլիթի»-ի շրջանակային պայմանագիրը կնքելու համար, մեր նախնական կանխորոշումն այն էր, որ մեր բնակչության առնվազն 10%-ի համար այս հարթակի միջոցով պիտի հնարավորություն ունենայինք պատվաստանյութ ձեռք բերելու։
Բայց մենք հիմա նշաձող ենք սահմանել մինչև 700 հազար անձի կորոնավիրուսի դեմ պատվաստում իրականացնել»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա ասաց, որ նշված թվով քաղաքացիների պատվաստումը կախված կլինի ռիսկի խմբի քաղաքացիների դիմելիությունից և ՀՀ-ի կողմից վարվող բանակցությունների արդյունքներից՝ ինչ գնով և ինչ պայմաններով հնարավոր կլինի առաջիկայում ապահովել պատվաստանյութերը․ «Եվ պետք է դիտարկենք ռիսկի խմբերի ընդլայնումն ու ավելի շատ քաղաքացիներին պատվաստելու հարցը»։
Նախարարն ասաց, որ այս պահին պատվաստանյութերի բաշխման գործընթացն է իրականացվում․ «Վաղվանից կսկսվի «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումը, մեկ-երկու օրվա տարբերությամբ՝ «Սպուտնիկ Վ»-ովը»։
Պատվաստումը կամավոր է և այն կիրականացվի ըստ դիմելիության, և ինչպես ասաց տիկին Ավանեսյանը, տեղամասային բժիշկները պետք է տեղեկացնեն իրենց կցագրված քաղաքացիներին, և պատվաստումները կիրականացվեն ըստ հերթագրման առաջնահերթության, տեղեկացնում է Aravot.am-ը։