Սամվել Բաբայանը մասնակցելու է առաջիկա ընտրություններին

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մասնակցելու է Հայաստանում առաջիկայում նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Լրագրողների հետ ճեպազրույցում Բաբայանը հայտնեց այդ մասին։

«Մի խումբ ինտելինենգ մարդիկ, որոնք մտահոգված են երկրում տիրող իրավիճակով, որպես ռազմական մասնագետ ինձ հրավիրել են, և ես էլ կցվել եմ այդ թիմին։ Այս պահին ոչ մեկի հետ մենք չենք համագործակցում և կոալիցիա չենք կազմում։ Կմտնենք ԱԺ, հետո կտեսնենք` ում հետ կարող ենք համագործակցել»,–ասաց Բաբայանը։

Հարցին, թե տեղեկություններ կան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան փորձում է համոզել, որ Արցախում նախագահ Արայիկ Հարությունյանին ինքն այլընտրանք լինի, Բաբայանը նշեց, որ երբեք որևէ մեկի պոչը չի եղել և իրեն համոզել չեն կարող։

«Մենք մեր դիրքորոշումն ունենք` երկրին պրոֆեսիոնալ բանակ է պետք, քանի որ 5 տարի հետո լուրջ պրոբլեմ ենք ունենալու։ Պետք է 18 տարեկան երեխան գա, 1 տարի ծառայի ու գնա տուն»,–ասաց Բաբայանը։

Նրա խոսքով` իր թիմին ինքն արդեն ծախսային և հաստիքային մասը ներկայացրել է բանակում արվող փոփոխությունների առնչությամբ։ Բաբայանը վստահեցրեց` լուրջ թիմ են լինելու և լուրջ առաջարկներ անելու, այլ ոչ թե ձևական, տեղեկացնում է Sputnik Armenia։