Կանադան արգելել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Կանադան չեղյալ է հայտարարել ռազմական արտադրանք և տեխնոլոգիաներ Թուրքիա արտահանելու թույլտվությունները, քանի որ Ադրբեջանը դրանք օգտագործել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում: Այս մասին հայտարարել է Կանադայի ԱԳՆ ղեկավար Մարկ Գառնոն:

«Այս վերլուծությունից հետո, որը գտել է համոզիչ ապացույց, որ Լեռնային Ղարաբաղում օգտագործվում է Թուրքիա արտահանվող կանադական տեխնոլոգիան, այսօր ես հայտարարում եմ այն թույլտվությունների չեղարկման մասին, որոնք կասեցվել էին 2020-ի աշնանը», - ասվում է Գառնոյի հաղորդագրության մեջ, որը զետեղվել է ԱԳՆ-ի կայքում:

Կանադան այս ուղղությամբ առաջին քայլերն արել է անցյալ աշնանը: Այնուհետ Կանադայի կառավարությունը կասեցրել է ռազմական արտադրանք և տեխնոլոգիաներ Թուրքիա արտահանելու թույլտվությունները, մինչդեռ հետաքննություն էր ընթանում, թե արդյոք Ադրբեջանն իսկապես օգտագործել է կանադական տեխնոլոգիաները Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությունում: Հետաքննությունը եզրակացրել է, որ դա այդպես է:

«Սա անհամատեղելի է Կանադայի արտաքին քաղաքականության և Թուրքիայի վերջնական օգտագործման հավաստիացումների հետ», - նշում է Կանադայի արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է Aysor.am: