Արման Թաթոյանը հանդիպել է շիրակցի գերիների ընտանիքի անդամների հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր վաղ առավոտյան Գյումրիում հանդիպումներ է ունեցել Շիրակից այն զինծառայողների ընտանիքների հետ, որոնք Ադրբեջանում գերության մեջ են պահվում մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ: Տեղեկությունը հայտնում են պաշտպանի գրասենյակից։

«Քննարկվել են թե´ գերեվարված զինծառայողների, թե´ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հարցեր, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվող քայլերը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը խոսում է միայն 72–ի մասին։

Շիրակցի զինծառայողները գերեվարվել են նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո` դեկտեմբերի 16-ին, Խծաբերդում, տեղեկացնում է Sputnik Armenia։