Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը հետաձգվեց։ Նման որոշում կայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը) հարուցված քրգործով նիստ կար։ Քոչարյանը ներկա չէր նիստին, քանի որ մեկուսացել է։ Նրա պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ Քոչարյանի մերձավոր շրջապատում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր են արձանագրվել։ Մեկը փաստաբան Արամ Վարդևանյանն է, իսկ մյուսի անունը պաշտպանը չուզեց հրապարակել։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալի բացակայության պարագայում հնարավոր չէ շարունակել նիստը, այն պետք է հետաձգվի։ Հաջորդ նիստը կլինի մայիսի 4-ին, քանի որ մինչ այդ ես ամենամյա արձակուրդում եմ լինելու»,–ասաց դատավոր Աննա Դանիբեկյանը` պաշտպանական կողմից պահանջելով, որ Քոչարյանի թեստի պատասխանը ստանալուն պես դատարանին տեղեկացնեն այդ մասին։

Ի պատասխան Ալումյանը նշեց` Քոչարյանն այսօր է թեստ հանձնել, և պատասխանը կստանան հնարավորինս շուտ։ Գործով դատախազները հայտնեցին միայն, որ դատարան ներկայացված փաստաթղթում նշված չէ, թե ինչ ախտանշանների առկայությունն է հիմք հանդիսացել, որպեսզի Քոչարյանը թեստ հանձնի։

Այսպիսով, հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 4-ին` ժամը 13-ին, տեղեկացնում է Sputnik Armenia։