Կեղծիքի մաստեր կլաս Իլհամ Ալիևից. Զանգեզուրը մերն է, Երևանը մերն է, Սևանն էլ է մերը

Ադրբեջանական կողմի քաղաքական և պատմական հարձակումների նկատմամբ ՀՀ կառավարության լիակատար լռության պայմաններում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ բաց չի թողել Հայաստանի դեմ մեղմ ասած ոչ բարյացակամ և լկտի հայտարարություններ անելու հնարավորությունը: Ընդ որում, Ալիևը, ավանդույթի համաձայն, հաջողացրել է հակասական մտքեր արտահայտել, տեղեկացնում է News.am:

Ալիևը Բաքվում կայացած «Նոր հայացք Հարավային Կովկասին. հետկոնֆլիկտային զարգացումը համագործակցությունը» թեմայով խորհրդաժողովին նախ հայտարարել է, որ իր երկիրը տարածքային պահանջներ չունի որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ»:

Սակայն ավելի ուշ Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրը «պատմական ադրբեջանական հող է»՝ միևնույն ժամանակ նշելով, որ «Զանգեզուրը Հայաստանին է փոխանցվել1920 թվականին՝ 101 տարի առաջ». «Մինչ այդ այդ տարածքը մեզ էր պատկանում: Գոյչա լիճը նրանք Սևան են անվանում: Բավական է նայել 20-րդ դարի սկզբի քարտեզին, Սևան այնտեղ չեք տեսնի: Նույնը վերաբերում է նաև Իրևանին: Նրանք ոչնչացրել են Իրևանի պատմական մասը: Դա ակնհայտ փաստ է, որ այնտեղ ադրբեջանցիներ էին ապրում, այդ թվում՝ իմ նախնիները: Ես ասել եմ՝ մենք կվերադառնանք այնտեղ: Ես չեմ ասել, որ մենք տանկերով կվերադառնանք այնտեղ: Ասել եմ, որ մենք կվերադառնանք: Դա նշանակում է՝ ինչու ոչ: Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե օգտագործում ենք այդ ճանապարհը, ինչու՞ չվերադառնալ Իրևվան: Ժամանակը կգա, և մենք կանենք դա»:

Ալիևը Ստեփան Շահումյանին հանցագործ է անվանել. «Նրանց, ովքեր ցանկանում են ջնջել Ադրբեջանի պատմությունը, ներշնչել են, որ իրենք հերոսներ են, Շահումյանը և մյուսները իրականում հանցագործներ են»:

Հիշեցնենք, որ 1918 թվականի դեկտեմբերի 18-ի հրամանագրով Ժողկոմների խորհուրդը Շահումյանին նշանակեց Կովկասի ժամանակավոր արտակարգ կոմիսար մինչև Անդրկովկասում սովետական իշխանության հաստատումը: 1918-ի ապրիլին Բաքվում Շահումյանի նախագահությամբ բոլշևիկյան կառավարություն կազմվեց: Բաքվի Խորհրդի տրամադրության տակ էր տարբեր ազգությունների աշխատավորներից և գյուղացիներից բաղկացած պահակախումբը: