Բայդենը Պուտինին առաջարկել է հանդիպել երրորդ երկրում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է առաջիկա ամիսներին բարձր մակարդակի հանդիպում անցկացնել երրորդ երկրում:

Ինչպես հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, Բայդենը և Պուտինը քննարկել են մի շարք տարածաշրջանային և գլոբալ հարցեր, այդ թվում` սպառազինությունների վերահսկման և անվտանգության նոր հարցերի շուրջ ռազմավարական կայունության ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկխոսությունը շարունակելու մտադրությունը:

Բայդենը «նաև հստակ հասկացրել է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն կգործեն ի պաշտպանություն իրենց ազգային շահերի՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, ինչպիսիք են կիբեռհարձակումները և ընտրություններին միջամտությունը»: «Նախագահ Բայդենը կարևորել է ԱՄՆ-ի անսասան հանձնառությունը Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ: Նախագահը մտահոգություն է հայտնել օկուպացված Ղրիմում և Ուկրաինայի սահմաններին ռուսական ռազմական հզորության հանկարծակի կուտակման կապակցությամբ և Ռուսաստանին կոչ է արել թուլացնել լարվածությունը:

Նախագահը վերահաստատել է Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններ հաստատելու իր նպատակը` ԱՄՆ շահերին համապատասխան, և առաջարկել է առաջիկա ամիսներին բարձր մակարդակի հանդիպում անցկացնել երրորդ երկրում` Միացյալ Նահանգների և Ռուսաստանի առջև ծառացած խնդիրների ամբողջական շրջանակը քննարկելու համար»,- ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am: