ԱՆՆԱՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԷՐ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՇՈՒՇԻ, ՆԻԿՈԼԸ ՆՐԱՆՑ ՍՊԱՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ, ԱԼԻԵՒԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ «ԻՐԵՎԱՆ»
Օրերս Նիկոլ Փաշինյանը հարկադրված ընդունեց ժամկետային զինծառայողների ծնողների խմբին: Ապրիլի 12-ին Tert.am-ը հրապարակեց տեսանյութ, որտեղ հանդիպման մասնակից կանանցից մեկը նույնիսկ ներկա իշխանությունների համար սենսացիոն հայտարարություն է անում։ Նա պատմում է, որ Փաշինյանն ասաց իրենց. «Դուք վստա՞հ եք, որ վաղը թուրքը Երևանում չի լինի»: Որից հետո «շրջվեց ու փախավ»։
Սոցցանցերը տարածեցին այդ խոսքերը՝ ակտիվորեն մեկնաբանելով դրանք և փորձելով գուշակել, թե ի՞նչ էր ուզում ասել իրեն վարչապետ անվանող այդ սուբյեկտը։ Պատասխանն իրեն երկար սպասել չտվեց և հնչեց… Բաքվից, որտեղ, ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահը կրկին ի ցույց է դրել իր բոլոր բարդույթները, որոնք, ըստ երևույթին, վերջին պատերազմից հետո ամենևին էլ չեն պակասել։ Համենայն դեպս Ալիևն արդեն 6-րդ ամիսն է, ինչ շարունակում է ինքնահաստատվել զոհված հայերի հաշվին, ասես փորձելով առաջին հերթին ինքն իրեն վստահեցնել, որ դա երազ չէ։ Նրա վերջին արտառոց արարքը՝ կապված «ռազմական ավարի զբոսայգու» հետ, ակնհայտորեն առանձին վերլուծության է արժանի ոչ թե հոգեբանների, այլ հոգեբույժների կողմից։ Լիակատար տպավորություն է, որ երկու երկրներում իշխանության ղեկին երկու հոգեգարներ են. Փաշինյանը՝ Երևանում, Ալիևը՝ Բաքվում։ Եվ այնպիսի զգացողություն է, որ նրանք գործում են միասին. համաձայն իրենց ընդհանուր տերերի ցուցումների։
Եվ ահա, բառացիորեն հաջորդ օրը Ալիևը բացատրեց իր հանցակցի ասածի էությունը։ Հերթական անգամ հռչակելով Զանգեզուրը «Ադրբեջանի պատմական հող», նա ավելի հեռուն գնաց՝ հայտարարելով, թե «ադրբեջանցիներն ապրել են Իրևանում», այդ թվում՝ իր նախնիները։ «Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե օգտագործում ենք այդ ճանապարհը, ուրեմն ինչո՞ւ չվերադառնանք Իրևան։ Կգա ժամանակը, մենք դա կանենք»,- ասաց Բաքվի բռնապետը, որը նախօրեին ի տես համայն աշխարհի ցուցադրել էր իր անասնական օրգազմը սպանված և գերեվարված հայ զինվորների սաղավարտների ցուցասրահում։
Այժմ փորձեք գեթ մեկ տարբերություն գտնել Փաշինյանի և Ալիևի կողմից գրեթե միաժամանակ, լոկ մեկ օրվա տարբերությամբ հնչեցրածի միջև։ Նիկոլը հայտարարում է, որ վաղը թուրքերը կարող են լինել Երևանում, ընդ որում ասում է դա հրապարակավ, այնպես, որ իր խոսքերը հայտնի դառնան հասարակայնությանը, ոչ մի կերպ չպարզաբանելով դրանք: Բառացիորեն հաջորդ օրը Ալիևն իրեն հայտարարում է տոհմական «իրևանցի» և հավաստիացնում, թե կգա մի օր, երբ թուրքերը «կվերադառնան» Երևան։ Ի պատասխան Փաշինյանից՝ ոչ մի ծպտուն։ Ինչը նշանակում է մեկ բան. Փաշինյանը համաձայն է ոչ միայն թուրքերի «վերադարձին», այլև «Իրևան» անվանը։
Ալիևն, իհարկե, նման բան հայտարարում է բնավ ոչ առաջին անգամ։ Սակայն պատերազմից հետո նրա լկտիությունը, որն ակնհայտորեն պայմանավորված է թերարժեքության անհաղթահարելի բարդույթով, անցել է ամեն չափ ու սահման և կարող է համեմատվել միայն իր իսկ արյունատենչության հետ։ Բայց մինչև 2018–ի ապրիլ նրա զառանցալի հայտարարություններին մշտապես ու անհապաղ կոշտ արձագանքում էին Երևանից. ինչպես պաշտոնական կառույցներն ու անհատ անձինք, այնպես էլ հասարակությունը։ Այդ հստակությունն ու կոշտությունը ստիպում էին Ալիևին ինչ-որ կերպ զսպել իրեն, որպեսզի հերթական անգամ ցավոտ ապտակ չստանա։ Փաշինյանի օրոք Բաքվի սուլթանիկը վերջապես արտահայտվելու բաղձալի ազատություն ստացավ և սիրելի խաղալիքին հասած թերահասի խիզախությամբ հրճվալից հնչեցնում է սեփական հալյուցինացիաները՝ զուգընկերոջ լռության խորապատկերին։ Դե, մի՞թե գժանոց չէ։
Ինչպես ասում են, այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այդչափ ողբերգական չլիներ մեզ համար։ Քանզի ամենասարսափելի մղձավանջում անգամ դժվար թե հայ ժողովրդի ողջամիտ հատվածից որևէ մեկը նման խրտվիլակ պատկերացներ պետության ղեկավարի աթոռին. թշնամու հետ՝ վախկոտ-անլեզու, հայրենակիցների հետ՝ ճղճղան-հիստերիկ։ Որը հանգիստ արձանագրում է, թե «վաղը թուրքը կլինի Երևանում», ասել է թե՝ դուք, ծնողներ, չկարծեք, թե ավելի անվտանգ պայմաններում եք, քան առաջնագծում կանգնած ձեր որդիները։ Պե՞տք է արդյոք հասկանալ այնպես, որ արդեն կա նաև «բանավոր» գաղտնի պայմանավորվածություն «իր նախնիների քաղաք» Ալիևի վերադարձի մասին։
Այժմ հիշենք, որ Փաշինյան ընտանիքի անդամները մի անգամ արդեն հրավիրել են թուրքերին. Շուշիում «թեյ խմելու և մուղամ լսելու»։ Ինչպես անվանում են Աննա-Էրատո Հակոբյանին սոցցանցերում՝ «բունկեր-շլյուխենի» այս երազանքը իրականացավ մի խումբ դավաճանների ջանքերով՝ իշխող զույգի գլխավորությամբ։ Այդ առնչությամբ մեջբերենք Սերոբ Գասպարյանի՝ «Սև հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար, պատերազմում զոհված Ռուստամ Գասպարյանի եղբոր գրառումը. «Լսիր Նիկոլ, կինդ Շուշի հրավիրեց Թուրքին մուղամ լսելու և իրականացրեցիք ձեր սորոսածին կլանով: Հիմա դու Երևա՞ն ես հրավիրում։ Ի՞նչ արյուն է հոսում քո մեջ, ինչ է գրված արյանդ վրա։ Լավ հիշիր, Նիկոլ, գալու է մի օր, որ հնձելու ես ցանածդ»։
Այդ օրը, անկասկած, գալու է։ Բայց ոչ միայն Նիկոլի, այլև «Թիվ 6 հիվանդասենյակի» իր եղբայրակցի համար. այդ հոգեգարների, որոնք գժանոցի վերածեցին տարածաշրջանը՝ Անկարայի իրենց շեֆի սևեռուն հսկողության և ղեկավարության ներքո։ Մեկը հաճույք է ստանում՝ ըմբոշխնելով տանջված ու նվաստացված տեսքով մանեկենների և գնդակոծված սաղավարտների պատկերը, մյուսը՝ վախեցնում իր քաղաքացիներին թուրքերի մոտալուտ գալուստով Երևան։ Թե նրանցից որ մեկն է ավելի խելագար, թող դատեն հոգեբույժները։