Հայաստանում կյանքը դժվարանում է

Սպառողական գները Հայաստանում 2021 թ-ի մարտին նախորդ տարվա համեմատ բարձրացել են 5.8 տոկոսով:

Ընդ որում, ամենաշատը, պաշտոնական վիճակագրության համաձայն, թանկացել է ձուն՝ 78.2 տոկոսով: Ձվին հաջորդում են ձեթն ու այլ սննդային յուղերը՝ 53.4 տոոսով, և շաքարավազը՝ 40 տոկոսով: Հացն ու մակարոնեղենը թանկացել են 8.5- 9.5 տոկոսով, միսը՝ 3.4 տոկոսով:

Ամենաշատը՝ 13 տոկոսով, թանկացել է խոզի սառեցված միսը, որը Հայաստան հիմնականում ներկրվում է: Իսկ տեղում արտադրվող տավարի միսը հակառակը՝ էժանացել է 2.6 տոկոսով: Թանկացել է նաև գառան ու ոչխարի միսը՝ 4.2-ով և թռչնամիսը՝ 11 տոկոսով:

Վառելիքի շուկայում բենզինը թանկացել է 4.9 տոկոսով, դիզվառելիքը՝ նույն չափով էժանացել։ Հեղուկ գազը նույնպես անցյալ տարվա համեմատ էժանացել է: 7.4 տոկոսով:

Հագուստն ու կոշկեղենը, պաշտոնական վիճակագրության համաձայն, թանկացել են 2 տոկոսով, ընդ որում` ամենից շատ թանկացել է մանկական կոշիկը՝ 4.3 տոկոսով, իսկ կանացի կոշիկները նույնիսկ էժանացել են, բայց ընդամենը 0.1 տոկոսով:

Սարքավորումները թանկացել են 1.2 տոկոսով, կոմունալ ծառայությունների գները (ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիք)` 0,7 տոկոսով:

Բժշկական ծառայությունները թանկացել են շուրջ 3 տոկոսով, տրանսպորտային ծախսերը՝ 1.2:

Կապի ծառայությունները թանկացել են ընդամենը 0.2 տոկոսով: Հետաքրքրական է, որ ամենից շատ աճել են փոստային ծառայությունների գները: Այսպես՝ նամակ ուղարկելը թանկացել է 130.2 տոկոսով, փոստային այլ ծառայությունները՝ 26.5-ով:

Ծաղիկների գները անցյալ տարվա համեմատ ևս աճել են 7.1 տոկոսով, իսկ գրքերն ու գրենական պիտույքները թանկացել են 2 տոկոսով:

3 տոկոսով թանկացել է վարսավիրանոց հաճախելը: Բնակարան նորոգելն էլ թանկացել է 0.4 տոկոսով:

Նոր ավտոմեքենաների գները բարձրացել են 15.4, իսկ օգտագործված մեքենաներինը՝ 11.5 տոկոսով:

Նշենք, որ 2021թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գներն աճել են 1 տոկոսով, ԱՄՆ դոլարը արժևորվել է 0.8 տոկոսով: Իսկ 2021թ. մարտին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցված սպառողական գների աճը կազմել է 3.8 տոկոս, դոլարի փոխարժեքն աճել է 1.7 տոկոսով: