Ֆրանսիայի դեսպանը՝ Ադրբեջանին. Պատերազմը ներկայացում բեմադրելու առարկա չէ

Ես լիովին հասկանում և կիսում եմ հայ հասարակության զգացմունքները՝ կապված Բաքվում այսպես կոչված «այգու» բացման հետ: Այս մասին լրագրողներին տված հարցազրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:

Ֆրանսիացի դիվանագետը նշեց, որ վերջերս այցելել է Եռաբլուրի ռազմական գերեզմանատուն: «Մենք տեսնում ենք, թե որքան զոհեր կան, որքան կորուստներ: Մենք տեսնում ենք ընտանիքների տառապանքները: Բայց դա նաև տեղ է, որտեղ դրսևորվում է արժանապատվությունը:

Պատերազմը ներկայացում բեմադրելու առարկա չէ: Այժմ առաջնահերթությունը հակամարտության լուծումը գտնելն է: Առաջնայինը գերիների վերադարձն է` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, տեղահանվածների վերադարձը, մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը և երկարաժամկետ խաղաղություն գտնելու համար կառուցողական երկխոսության վերսկսումը»,- ընդգծեց դեսպանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ հռետորաբանությունը նպաստում է հարաբերությունների հաստատմանը, դեսպանը նշեց. «Հայաստանն արժանապատիվ է իր պարտության մեջ: Պետք է արժանապատիվ լինել նաև հաղթանակի դեպքում»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախօրեին Բաքվում հայտնվել է գրավված հայկական տեխնիկայի այգի՝ պատերազմի իրադարձությունների բեմադրման տեսքով: Հրեշավոր կառույցը տեղակայվել է հինգ հեկտարի վրա: «Պաշտպանական ամրությունների իրական պատկերը, որը թշնամին կառուցել է մի քանի տասնամյակ, վերստեղծվել է: Այստեղ կարելի է տեսնել հզոր ցանկապատային համակարգ՝ բաղկացած 10 գծից, ներառյալ բետոնե ինժեներական կառույցներ, հակատանկային խրամատներ, ականապատված տարածքներ, թունելներ, խրամատներ», - հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հայերին պատկերող մանեկենները հատուկ նշանակություն են տալիս «այգուն»: Իլհամ Ալիևն արդեն հասցրել է կեցվածք ընդունել ավարային սաղավարտների ֆոնին, տեղեկացնում է News.am: