Գերիների հարազատների հետ բանակցում է Շիրակի մարզի ԱԱԾ վարչության պետը

Պատերազմի ավարտից հետո Արցախի Խծաբերդ գյուղից գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատները հանդիպում են Շիրակի մարզի ԱԱԾ վարչության պետի հետ, վերջինս նրանց հետ բանակցություններ է վարում: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց գերեվարված պահեստազորայինի մայրը, որը խնդրեց իր անունը չհրապարակել։

Մեզ հետ զրույցում տիկինը պատմեց, որ մինչև ԱԱԾ պետի գալը ոստիկանության աշխատակից Ենգոյան Վահրամն է հրահրել ոստիկաններին, որ հարձակվեն ծնողների վրա, դուրս հանեն մարզպետարանից, դռան ապակին էլ կոտրել են ոստիկանները:

«Ոստիկանները կոտրել են դռան ապակին, երևի, որ հետո ծնողների վրա բարդեն: Քաշքշուկ է տեղի ունեցել, մի կնոջ ոտք էր վնասվել, մյուսը վատ վիճակում էր, շտապ օգնություն է կանչվել: Այս ամենը կատարվել է մեր մարզպետի ձեռքով, նա է զանգել, ոստիկանական ուժեր հրավիրել: Իսկ Ենգոյան Վահրամի հրամանով հարձակվել են այն տղաների ծնողների վրա, որոնք իրենց հայրենիքը պաշտպանելու համար հիմա գտնվում են Բաքվի բանտում: Բանակցություններ են ընթանում, չգիտեմ՝ այս անգամ ինչ սուտ պիտի հորինեն, 4 ամիս է՝ նույն սուտն է՝ սպասեք, մի խոսեք, ձեր տղաներին կվնասեք: Մինչև ե՞րբ պետք է սպասենք, մենք սպասեցինք, բայց այն երեխեքը այնտեղ ի՞նչ կլինեն: Ծնողները դուրս չեն եկել մարզպետարանից՝ չնայած բախումներին, և չթողեցին, որ մարզպետը իր անձնակազմով տուն գնա: Երևի մարզպետը կարոտել էր իր երեխաներին, չէր դիմանում, մեր տղաներն էլ երեխա չեն: Բոլոր աշխտակիցները ներսում են: Եթե պատասխանը ծնողներին չբավարարի, մարզպետարանի մուտքերը չեն բացելու, մնալու են այնտեղ: Մեր պահանջն է՞ վարչապետը գա, մեր հարցերին պատասխան տա: Նա Պուտինի հետ հանդիպմանն ասաց՝ գերիների հարցը լուծված է, ամեն ինչ լավ է, Մուրադովին ուղարկեցին, թե չուղարկեցին, դա էլ իրենք և Աստված գիտեն, Մուրադովը գնաց, լրիվ դատարկ վերադարձավ: Այսօր էլ խրտվիլակներին հագցրել են մեր տղաների շորերը, շատ ցավալի վիճակ էր, շատ նվաստացուցիչ էր մեզ համար»,- ասաց նա:

Նա նշեց, որ մարզպետարանի աշխատակիցները ևս մարզպետարանում են, ծնողներն էլ այնքան են մնալու, մինչև Նիկոլ Փաշինյանն աանձամբ գա և իրենց հարցերի պատասխանի:

Մեդիապորտ տելեգրամյան ալիքն էլ հայտնում է, որ Փաշինյանի օգնականը ասել է, որ ծնողները կարող են գալ և կառավարությունում հանդիպեն իրեն:

«Ասել եմ իրենց առաջարկի, որ գան Երևան, հանդիպման». Նիկոլ Փաշինյանի օգնականը՝ գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատների մասին

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը մեքենաների թափքերին նախընտրական քարոզարշավ անելու համար մարզեր գնալու ժամանակ ունի, իսկ գերության մեջ գտնվող զինվորների ծնողներին հանդիպելու համար՝ ոչ»,- գրում է ալիքը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ լարված իրավիճակ է Շիրակի մարզպետարանում: Ոստիկանները բռնի ուժով հեռացրել են բողոքի ակցիա անցկացնող գերիների հարազատներին: