Գերիների հարազատները գիշերել են Շիրակի մարզպետարանում
Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ, գերիների հարազատներն ամբողջ գիշեր մնացել են մարզպետարանի շենքի մոտ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից։
Նրանք չեն պատրաստվում հանձնվել և շեշտում են` իրենց պահանջը նույնն է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում և իրենց զինվորների հարցի լուծում։
«Մենք ուրիշ պահանջ ու ասելիք չունենք, մեր միակ պահանջը մեր երեխեքն են, ու թող մեր գլխավոր հրամանատարը գա ու մեզ պատասխան տա: Այնքան մարզպետարանից չենք ելնի մինչև գա »,-նշեցին ծնողները
Երեկ երեկոյան թույլ են տվել, որ կանայք ու աղջիկները դուրս գան շենքից, բայց տղամարդիկ մնացել են։
«Էնպես չի, որ մենք բռնի ուժով ասել ենք` մի գնացեք, տղամարդիկ հոժարակամ մնացել են»,– ասացին գերիների հարազատները։
Գիշերը բավականին շատ ոստիկաններ են եղել մարզպետարանի մուտքի մոտ, բայց հիմա նրանց թիվը զգալիորեն նվազել է։ Գերիների հարազատները նախապես հայտարարել են, որ որևէ մեկին ներս չեն թողնելու։
Նշենք, որ ապրիլի 8-ին հայտարարված, սակայն չհաստատված գերիների վերադարձից հետո հարազատներն ավելի ակտիվ են սկսել բողոքի ակցիաները։ Շիրակի մարզում մի քանի անգամ ճանապարհներ են փակվել։
Ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը խոսում է միայն 72–ի մասին։ Խծաբերդից գերեվարվել է մոտ 62 զինծառայող։ Բոլորը Շիրակի մարզից են։
Շիրակցի զինծառայողները գերեվարվել են նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո` դեկտեմբերի 16-ին։