Քննարկվում է Սյունիքում ռուսական ռազմաբազայի հենակետի ստեղծումը

Կան քննարկումներ Սյունիքում ռուսական ռազմաբազայի հենակետ ստեղծելու մասին։ Այս մասին Ազգային ժողովում ելույթ ունենալով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահին քննարկվում է ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները հարստացնելու հարցը, ինչպես նաև կան քննարկումներ Սյունիքում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ», – ասաց նա։

Նա նաև նշեց, որ ՀՀ արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է։ Այն ամրապնդված է մի քանի տասնյակ ռազմական, ռազմավարական բնույթ ունեցող միջազգային պայմանագրերով և փոխադարձ դաշնակցային պարտավորություններով։

«Հայաստանի անվտանգության համար գործնական կարևոր նշանակություն ունեն հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը և հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը։ Այս երկու պայմանագրերի տրամաբանությամբ` հարձակումը ՀՀ վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա, այսինքն` երկու երկրները համատեղ պետք է դիմակայեն արտաքին մարտահրավերներին»,– ասաց վարչապետը։

Նրա խոսքով` այս համատեքստում մեկնարկել է ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացը, որը նախ կներառի կառուցվածքային, ապա նաև՝ բովանդակային բարեփոխումներ։

Ռուսական 102-րդ ռազմաբազան տեղակայված է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, տեղեկացնում է Sputnik Armenia։