Դավիթ Բաբայան. Ադրբեջանի նպատակն է հայերին վտարել պատմական հայրենիքից

Ադրբեջանը կշարունակի օգտագործել Արցախի բնակչությանն ահաբեկելու համար նախատեսված մեթոդները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հայկական տրանսպորտի վրա քարեր նետելու դեպքերի ու գյուղացիների գնդակոծման դեպքերի մասին հարցին:

«Միջազգային հանրությունը տեղեկացված է կատարվածի մասին, թեկուզ միայն այն պատճառով, որ Արցախի պետական ինստիտուտները՝ ԱԳՆ-ն, համապատասխան պաշտոնական մեկնաբանություններով են հանդես գալիս: Իհարկե, մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը նման մեթոդներ կօգտագործի: Նախ, դա ֆինանսական տեսանկյունից էժան է տանկեր, անօդաչու թռչող սարքեր, օդուժեր օգտագործելու անհրաժեշտություն չկա: Որովհետև նպատակը մեկն է ՝ հայերին վտարել Արցախից: Իսկ նման մեթոդները սարսափեցնում են մարդկանց մի մասին: Բացի այդ, Ադրբեջանի համար դա ավելի հեշտ է:

Դե կասեն, դա պետական մակարդակով չէ, միգուցե դա ինչ-որ հոգեկան անհավասարակշիռ մարդ է արել, արցախյան կամ ապրիլյան առաջին պատերազմում զոհվածի ազգականը: Դա ադրբեջանական պետությանը դուրս է բերում պատասխանատվության գոտուց: Սա մենք պետք է դա լավ հասկանանք և ամեն ինչ անենք՝ սադրանքներին չտրվելու համար: Մենք լավ գիտենք ադրբեջանցիներին: Միգուցե ինչ-որ մեկը նրանց չի ճանաչում և Ալիևին համեմատում է Մոնա Լիզայի հետ, բայց մենք ավելի լավ գիտենք», - ասաց արտգործնախարարը, տեղեկացնում է News.am: