Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվեցին

2021 թվականի ապրիլի 15-ին, դռնփակ նիստում, Բարձրագույն դատական խորհուրդը, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու մասին Բարձրագույն դատական խորհրդին տեղեկացնելը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ կետով, 165-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասերով, որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը, տեղեկացՆում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կիրականացնի Խորհրդի տարիքով ավագ անդամ՝ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Գագիկ Ջհանգիրյանը:

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

«ՀՀ դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: Ելնելով վերոնշյալ իրավակարգավորումներից՝ հարուցված քրեական գործի, դրա շրջանակներում իրականացվող գործողությունների մասին հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում», - Aysor.am-ին ասել էր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Վարդազարյանն Aysor.am-ին ասել էր, թե այս ամենի վերաբերյալ մեկնաբանություն այս պահին չի տա։