Ռուս զինվորական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել արցախյան գյուղի բնակիչներին

Ռուս ռազմական բժիշկները մասնագիտացված բուժօգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի դժվարամատչելի շրջանների բնակիչներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, լեռնային տեղանքում գտնվող Ասկերանի շրջանի Սարդարաշեն բնակավայրում Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները դաշտային կետ են տեղակայել բնակավայրի բնակիչներին, փախստականներին և հարկադիր տեղահանվածներին բուժօգնություն ցուցաբերելու համար:

«Այսօր մենք օգնություն ենք ցուցաբերում Սարդարաշեն լեռնային բնակավայրի բնակիչներին՝ մարդասիրական-բժշկական ստուգայցի ձևաչափով։ Այս առաքելությունն արտասովոր է. մենք բժիշկների ենք այստեղ բերել»,-հայտնել է զորախմբի հրամանատարի խաղաղապահ գործունեության գծով տեղակալ, գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինը։

Նրա խոսքով՝ գյուղ են եկել թերապևտ, վիրաբույժ, ակնաբույժ։

Բնակչության ընդունելության ընթացքում բժիշկներն գյուղի ավելի քան 50 բնակիչների օգնություն են ցուցաբերել:

Բացի այդ, Մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները կազմակերպել են ռուսական հասարակական և բարեգործական կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաաբաղին տրամադրված մոտ 1500 կգ հումանիտար օգնության փոխանցումը կարիքավորներին, տեղեկացնում է Sputnik Armenia։