ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը նամակ է հղել Անտոնիո Գուտերեշին ադրբեջանական «պուրակի» հարցով

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Ադրբեջանում բացված այսպես կոչված «ռազմական ավարի պուրակի» բացման կապակցությամբ։ Տեղեկանում ենք ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ֆեյսբուքյան էջից:

Հայտնել էինք, որ Բաքվում բացվել է որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի պուրակ, որը տեղակայվել է հինգ հեկտար տարածքում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` այգու մուտքի մոտ կարելի է տեսնել ադրբեջանական բանակի կողմից վերցված ավելի քան 2000 ավտոմեքենաների համարանիշներ, ինչպես նաև բազմաթիվ սաղավարտներ։ Տարածքում կան նաև հայ զինվորների լուսանկարներով արյունոտ մանեկեններ։

«Մարդկային զրկանքները և մահերը Բաքվում ամենաբարձր քաղաքական մակարդակով տոնելը՝ ազգությամբ հայերին նսեմացնող ու անմարդկային ձևով պատկերելու միջոցով, ևս մեկ անգամ ցույց է տալիս պետության կողմից հովանավորվող հակահայկական ատելության սերմանման քաղաքականությունը և բացահայտ ցեղասպան մտադրությունը», - իր նամակում նշել է դեսպան Մարգարյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։