Արցախում նոր հենակետեր կբացվեն միջպետական ու ներպետական բոլոր ճանապարհներին

Արցախում առաջիկայում նոր հենակետեր կբացվեն միջպետական ու ներպետական բոլոր ճանապարհներին։ Տեղեկությունը հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից։

Տեղեկացվում է, որ Շուշի-Ստեփանակերտ միջպետական մայրուղու, ինչպես նաև Ստեփանակերտ-Շոշ ճանապարհահատվածի հենակետերում ծառայություն իրականացնող վերակարգերին այցելել է ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանը:

«Ոստիկանության պետը հետևել է ծառայության ընթացքին, հետաքրքրվել խնդիրներով, տվել մի շարք հանձնարարականներ:

Արտեմ Հարությունյանի հավաստմամբ` առաջիկայում նախատեսվում է նոր հենակետեր բացել միջպետական ու ներպետական բոլոր ճանապարհահատվածներում, բարելավվել սոցիալ-կենցաղային պայմանները, ուժեղացնել դիտարկումներն այն հատվածներում, որը սահմանակից կամ տեսանելի է ադրբեջանական կողմից»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ ՆԳ նախարարության ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են ուժեղացված ռեժիմով շուրջօրյա հերթապահություն իրականացնել միջպետական և միջշրջանային ճանապարհահատվածներում, տեղեկացնում է Sputnik Armenia: