Նախագահը չի ստորագրել «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների փաթեթը

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել, բայց այն չի ուղարկելու Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար: Տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։

Նշենք, որ ապրիլի 1-ին ԱԺ–ն ընդունեց ընտրակարգի փոփոխությունը, համաձայն որի` ընտրությունների անցկացումը կլինի միայն համամասնական ընտրակարգով` առանց ռեյտինգային քվեարկության։

«Հանրապետության նախագահն օրենքը քննարկել է մի շարք կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները:

Օրենքի վերաբերյալ նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները հանգեցրել են այն եզրակացության, որ սահմանադրականության տեսանկյունից այն առերևույթ խնդրահարույց չէ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ, նախագահը նկատում է, որ օրենքն ընդունվել է Ազգային ժողովի միայն քաղաքական մեծամասնության քվեարկության արդյունքում:

Նշվում է նաև, որ Արմեն Սարգսյանը բազմիցս ասել է, որ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված արտահերթ ընտրությունները կազմակերպելուն պետք է նախորդի Սահմանադրության, ինչպես նաև ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործընթացը, որը պահանջում է ողջամիտ ժամկետ:

Նրա խոսքով` Վենետիկի հանձնաժողովի մոտեցմամբ ընտրական օրենսդրության փոփոխությունները պետք է տեղի ունենան ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ:

Ասվում է նաև, որ փոփոխությամբ մեկ տեսակի համամասնական ընտրակարգը փոխարինվում է մեկ այլ տեսակի համամասնական ընտրակարգով: Մասնավորապես, բացառվում է տարածքային ընտրական ցուցակներով ընտրություններին մասնակցելու գործող կառուցակարգը: Իսկ առանց տարածքային ցուցակների համամասնական ընտրակարգը կարող է արդյունավետ լինել խորհրդարանական կայացած քաղաքական մշակույթ ձևավորած պետություններում։ Այսինքն, ըստ նախագահի, այնտեղ, ուր կուսակցություններն ունեն հստակ ծրագիր, որտեղ հասարակությունն ունի հնարավորություն և բավարար ժամանակ ծրագրերին ծանոթանալու, որտեղ ընտրությունն իրականցվում է ներկայացված ծրագրերի հիման վրա:

«Մինչդեռ նման փոփոխությունը ՀՀ–ում առկա իրավիճակում կարող է հանգեցնել ոչ թե կուսակցությունների և դրանց ծրագրերի, այլ այս կամ այն կուսակցությունը գլխավորող անձանց միջև մրցակցության»,–նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia։