ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց. կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

ԵԽԽՎ օրակարգը քիչ առաջ հաստատել է` կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Չնայած Ադրբեջանի հակառակ ջանքերին, քիչ առաջ ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց, համաձայն որի՝ պլենար նիստում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը»,–գրել է նա:

Մարուքյանը նաև հայտնել է, որ գերիների հարցը քննարկման դնելն օրակարգ է մտել 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ ձայներով։

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հերթական նստաշրջանի ժամանակ քվեարկության պետք է դրվեր հայ ռազմագերիների խնդիրը քննարկման առարկա դարձնելու հարցը։

Նախորդ նստաշրջանին չհաջողվեց բանավեճ ունենալ այդ թեմայով, քանի որ այլ հարցեր ավելի էին կարևորվել եվրոպական այլ երկրների պատվիրակների համար։