Կրակոցներով Ադրբեջանը նպատակ է հետապնդում ահաբեկելու խաղաղ բնակիչներին. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդիպել է Շոշ համայնքի բնակչիների և Ստեփանակերտի՝ ադրբեջանական կրակոցներից տուժած տանտերերի հետ։ Տեղեկանում ենք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից։

«Ադրբեջանական զինվորականները պարբերաբար կրակոցներ են արձակում Ասկերանի շրջանի Շոշ և Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։ Շոշ համայնք կատարած այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել են համայնքի ղեկավարն ու բնակիչները` հավելելով, որ կրակոցները լինում են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ապրիլի 20-ին Շոշ համայնքի ուղղությամբ կրակոցներից համայնքի բնակիչների կյանքին, առողջությանն ու գույքին վնաս չի հասցվել։ Սակայն, ըստ ՄԻ պաշտպանի, հստակ է, որ կրակոցներով ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում ահաբեկելու խաղաղ բնակիչներին, վախի մթնոլորտ ձևավորելու համայնքներում և խաթարելու բնակչության բնականոն կյանքը։

Ադրբեջանի զինված ուժերն ապրիլի 20-ին կրակել են նաև Ստեփանակերտի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել են Վաղարշյան 13/46 հասցեում գտնվող տան տանիքը և առաստաղը: Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ տանտերերը հայտնել են, որ ռուս խաղաղապահներն ու ոստիկանության աշխատակիցներն այցելել են ընտանիքին և ծանոթացել միջադեպի հանգամանքներին։

 «Խաղաղ բնակչության բնականոն կյանքի դեմ ուղղված ադրբեջանական կողմի ոտնձգությունները, արձանագրվող դեպքերի հաճախակիությունը պահանջում են ինչպես Արցախի ԶՈւ–ի և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից անվտանգության լրացուցիչ միջոցառումների իրականացում, այնպես էլ նման միջադեպերի հետաքննության համար հստակ մեխանիզմների ներդրում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին, ժամը 15:00-ի սահմաններում Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը կրակոց է արձակել: Բացի այդ, երեկ երեկոյան Սյունիքի մարզի սահմանային հատվածում հակառակորդը կրակ է բացել Փահլասարի և Դիցմայրի ուղղությամբ։