ՈՉՆՉԱՑՐԵՑ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԸ, ԻՍԿ ՀԻՄԱ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ

Սկսել է ԶՈՒվարկաբեկումից

Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Սամվել Բաբայանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը կարելի է անվանել քաղաքական ինքնասպանության դասական օրինակ: Այդպես են օրը ցերեկով բոլորի աչքի առաջ մարում քաղաքական ու հերոսական հեղինակությունները։

Իսկապես, ինչպե՞ս կարող էր նախկին հրամանատարը՝ Արցախյան առաջին ազատամարտի տարիներին մի շարք հաղթանակների հեղինակը ջուր լցնել կապիտուլյանտի ջրաղացին։ Ինչպես հայտարարեց այդ առնչությամբ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, «հետաքրքիր էր տեսնել Սամվել Բաբայանին Փաշինյանի բանագնացի դերում, որը գնաց հեռուստաալիք և ասաց այն, ինչ իրեն հրամայել էր ասել Փաշինյանը»: Այսօր կապիտուլյանտ վարչապետը մի գերխնդիր ունի. փաստացի մեկնարկած նախընտրական քարոզչության գլխավոր մեխը 44-օրյա պատերազմում կրած խայտառակ պարտության մեղքը զինված ուժերի վրա բարդելու դավաճանի փորձն է։

Բաբայանը օժանդակեց այդ փորձին՝ մեղքը բարդելով գեներալակազմի վրա, թող դա մնա իր խղճին, իսկ այ Գլխավոր շտաբի նախկին պետի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը, հակառակը, հայտարարեց, որ Գլխավոր շտաբը մշակել էր Արցախում ռազմական իրավիճակի զարգացման բոլոր հնարավոր սցենարները դեռ նախքան ադրբեջանա-թուրքական տանդեմի ագրեսիան։ Այլ կերպ ասած, Հայաստանի ռազմական ղեկավարությունը պատրաստվում էր հնարավոր ագրեսիային և նույնիսկ կանխատեսում թուրքական զորակազմի մասնակցությունը, ինչը չես ասի Հայաստանի քաղաքական ղեկավարության մասին։

Հիշեցնեմ, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ոչ շատ առաջ վստահաբար հայտարարեց, թե Թուրքիան չի մասնակցի Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների։ Դատելով ամենից, հենց այդ հայտարարությամբ տիկին Մակունցը վաստակեց Վաշինգտոնում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո Նիկոլի միանձնյա որոշմամբ դե ֆակտո լուծարվեց Արցախի Պաշտպանության բանակը, որից հետո հերթը հասավ Հայաստանի ԶՈՒ-ին։ Փլուզումը սկսեցին վարկաբեկումից, իբր՝ պատերազմը տանուլ է տվել բանակը, այլ ոչ թե Հայաստանի և Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը։

Նիկոլին հեռու են քշում թարմ շիրիմներից

Այն, որ կապիտուլյանտ վարչապետի ռեժիմը նպատակ է հետապնդում ոչնչացնել հայկական բանակը, հայտնի էր վաղուց, իսկ այսօր բանակի վարկաբեկման քարոզչական գրոհը ստացել է հստակ արտահայտված նախընտրական բնույթ։

Փաշինյանը ձգտում է զերծ պահել իրեն Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը հանձնելու, 5 հազարից ավելի զինվորականներ զոհաբերելու, հազարավոր վիրավորների առկայության մեղադրանքներից: Նա փորձում է մեղքը բարդել բանակի վրա, թե իբր՝ բանակն է մեղավոր, իսկ ինքը դե յուրե գերագույն գլխավոր հրամանատար չէր, որովհետև Հայաստանին ոչ ոք պատերազմ չէր հայտարարել։

Լելե Թեփեի բարձունքի գրոհի գործողությունը նույնպես ինքը չի մտահղացել, պատերազմի 3-րդ օրը առաջնագծում համալրումն ինքը չի դադարեցրել, և պատերազմի 4-րդ օրը մարտական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին Օնիկ Գասպարյանի հայտարարությունն էլ ինքը չի անտեսել։ Այսօր Փաշինյանը փորձում է ամեն ինչ ներկայացնել այնպես, իբր Գասպարյանի կողմից նման հայտարարություն չի եղել։ Փաշինյանը ջանում է ընտրություններից առաջ մաքրել իր վրայից խայտառակությունը, բայց նրա քիթ-մռութն անընդհատ թաթախում են այդ խայտառակության մեջ, ինչպես դա եղավ Վայոց Ձորի գերեզմանատանը, երբ նրան թույլ չտվեցին մոտենալ պատերազմում զոհված զինծառայողի շիրիմին։

Մարզեր կատարած այցերի ընթացքում Փաշինյանը ծաղիկներ է դնում 44-օրյա պատերազմի օրերին զոհվածների թարմ շիրիմներին, համբուրում զոհվածների մայրերի ձեռքերն ու համարում, թե սեփական սիրելի անձի արդարացման համար այդքանը բավական է: Մինչդեռ Նիկոլին ամենուրեք հեռու են քշում շիրիմներից։ Եթե գերեզմանատուն նրա գալու ժամանակ զոհվածների շիրիմներին տեղացիներ են լինում, ապա ծաղիկներ բերած կապիտուլյանտին մոտ չեն թողնում։ Եվ այդ անձնավորությունը փորձում է վերարտադրվել իշխանության մեջ համապետական ընտրությունների միջոցով։

Պատերազմի մասնակիցները օրերս հրաժարվել են պարգևներ ընդունել Երկրապահ միության նախագահ Սասուն Միքայելյանի ձեռքից: Միքայելյանը մեկնել Էր Սյունիք՝ պարգևներ հանձնելու և հայտնվել անհարմար վիճակում։ Նա կարծում էր, թե այդ պարգևները նախընտրական քարոզչության համար կբացեն Սյունիքի դարպասները վարչապետի առջև, բայց պարզվեց, որ Սյունիքում, ինչպեսև նախկինում, Փաշինյանին չեն սպասում և չեն ցանկանում պարգևներ ընդունել նրա մերձավոր թիմակցից։ Պարգևատրման հետ կապված միջադեպից անմիջապես հետո աշխատանքից ազատել են Սյունիքի ոստիկանապետին, նրա տեղակալին, ինչպես նաև Գորիսի ոստիկանապետին։ Կապանում նույնպես  նոր ոստիկանապետ է նշանակվել։ Հունիսի 20-ին Նիկոլի համար ընտրական ձայներ են ապահովելու ուսադիրավոր վստահելի անձինք։

Ով է կանգնած «բարեփոխման» ակունքներում

Այն մասին, որ իշխանությունը բարեփոխումների անվան տակ իրականացնում է զինված ուժերի տոտալ փլուզում, այսօր խոսում են բազմաթիվ փորձառու գեներալներ։

«Բարեփոխման» ակունքներում կանգնած են պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանըրա հեղինակությունը ոչ մի կերպ չի հարաբերվում «մարտական գեներալ» հասկացության հետ), Գլխավոր շտաբի պետի պաշտոնում կրկին նշանակված Արտակ Դավթյանը (որի կրկնակի նշանակումը ճանաչվել է բանակի փլուզման ամենակարճ ճանապարհ), ինչպես նաև Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը: 2016 թվականի ապրիլին Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական բանակի 4-օրյա ագրեսիայից հետո նա ստիպված էր լքել ՊՆ հետախուզության վարչության պետի պաշտոնը: Հենց Կարապետյանին են մեղադրում նրանում, որ 2016 թվականին հայկական զինված ուժերը յուրաժամանակ չեն տեղեկացվել ադրբեջանական ագրեսիայի մասին։

Հասկանալով, որ բանակի հետ կապված հարցերը առանձնակի կարևորություն են ստացել հողերի խայտառակ հանձնումից հետո, Փաշինյանը ծնեց հերթական սուտը՝ հայտարարելով, թե հեռանկարում կարող է ներդրվել ժամկետային զինվորական ծառայության զորակոչից հրաժարվելու մոդելը, իբր՝ կա մի մոդել, երբ երիտասարդները կարող են ծառայել 3-ական ամիս՝ 5 տարին մեկ։ Իրականում նման մոդել չկա աշխարհի ոչ մի երկրում, ինչի մասին անմիջապես հայտարարեցին ռազմական գործի մասնագետները։ Այլ կերպ ասած, Փաշինյանը կրկին ստեց, որպեսզի ոգևորի ընտրողներին, որոնք 44-օրյա պատերազմից և աննախադեպ թվով կորուստներից հետո վախենում են ուղարկել երեխաներին Արցախ։

Ցուցանշական է, որ ինչ-որ ուժեր համառորեն ուղղորդում էին գերիների և անհայտ կորածների հարազատներին դեպի ՊՆ շենք, որտեղ տեղի ունեցան հայտնի անկարգությունները, թեև բոլորի համար պարզ էր, որ հարցի վերաբերյալ բանակցությունները վարում էր կառավարությունը։ Այսօր նույն ուժերը կառավարության շենքի մոտ են ուղարկում 44-օրյա պատերազմից հետո ծառայությունը շարունակող զինվորների մայրերին։ Հասկանալ մայրերին կարելի է. իրենց զավակներն անցել են պատերազմի միջով, ուստի արժանի են հատուկ վերաբերմունքի, ընդ որում այսօր հակառակորդի դիրքերը վտանգավոր հեռավորության վրա են, և մայրերը բողոքում են, որ որդիները չեն դիմանում լարվածությանը և դաշտային պայմաններում անգամ ուտելիք պատրաստելու ժամանակ չունեն։

Այս խորապատկերին հնչում է ժամկետային զինծառայության զորակոչը վերացնելու Փաշինյանի խոստումը։ Պարզ ասած, կապիտուլյանտը փորձում է հրապուրել ընտրողին հայկական բանակը փլուզելու խոստումով և ընդ որում խաղում զինվորների մայրերի զգացմունքների վրա։ Դա ավելի մեծ ստորություն է, քան ծաղիկներ դնելը նրանց թարմ շիրիմներին, ում հենց ինքն է ուղարկել ադրբեջանական արկերի ու թուրքական «Բայրաքթարների» կրակի տակ։ Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի փլուզումից հետո հերթը հասնելու է Հայաստանի Հանրապետության բանակին։ Բարեփոխումներին նախորդում է հրամանատարական կազմի վարկաբեկումը, այնուհետ նախատեսվում են կրճատումներ։ Դրանք առաջին հերթին կանդրադառնան այն 40 գեներալների վրա, որոնք ստորագրել են կապիտուլյանտ վարչապետի հրաժարականի պահանջի տակ։

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը կարծիք է հայտնել, որ արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանը (եթե վերադառնա վարչապետի պաշտոնին) ոչ միայն կհրաժարվի ժամկետային զինծառայության զորակոչը չեղյալ հայտարարելու գաղափարից, այլև երկարացնի այդ ծառայության ժամկետը: Բայց դա կլինի հետո, իսկ այսօր Փաշինյանին ընտրական ձայներ են պետք, ուստի նա ամեն օր ու ամեն ժամ ստելու է այն մասին, թե նոր ատոմակայան է կառուցելու, բնապահպանական աղբավայրեր է կազմակերպելու, չեղարկելու է ժամկետային ծառայության զորակոչը և այլն։