Բոբ Մենենդես. ԱՄՆ ոչ մի վարչակազմ երբեք չպետք է ժխտի Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Սենատի՝ միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահ Բոբ Մենենդեսը ողջունել է հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես կճանաչի Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը:

«Ազդված եմ Հայոց ցեղասպանության տարելիցը հիշատակելու հնարավորությամբ: Ողջունում եմ նախագահի՝ հարյուրամյա ժխտմանը վերջ դնելու որոշումը: Այսօր մենք հավատարիմ ենք բոլոր նրանց, ովքեր դեմ են հանդես գալիս աշխարհի ցանկացած կետում անարդարությանը: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին: Կոնգրեսում երեք տասնամյակ պայքարից հետո ես հպարտ եմ, որ ԱՄՆ կառավարությունը վերջապես կկարողանա դա անվանել Ցեղասպանություն: Հեշտ եւ հանգիստ: Ես խորապես երախտապարտ եմ եւ ոգեշնչված եմ ԱՄՆ-ի հայ համայնքի համառությամբ եւ ցանկանում եմ նաեւ երախտագիտություն հայտնել նախագահ Բայդենին, որ անկեղծ նայեց պատմությանն ու լսեց մեր կոչերը: Եթե ԱՄՆ կառավարությունը հաստատի հայերի Ցեղասպանության փաստերը, ապա դա հզոր ազդանշան կլինի, որ մեր արտաքին քաղաքականությունը որոշվում է մարդու իրավունքներով, արդարությամբ, այլ ոչ թե անարգանքով եւ ժխտմամբ»,-նշել է նա: 

News.am