ԴԵ, ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱՊՐՈՒՄ «ՍԵՐԳՈ ՋԱՆ»-ՆԵՐԸ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Ժամանակագրությունը հետևյալն է: Սկզբում Ալիևը հայտարարեց, որ եթե հայերը չհամաձայնեն «Զանգեզուրի միջանցքին», ապա իրենք՝ թուրքերը, ուժով կլուծեն հարցը և «101 տարի անց կվերադառնան Զանգեզուր»։ Նույն օրը երեկոյան Փաշինյանը գաղտնի մեկնում Է Սյունիք և փորձում մտնել Շուռնուխ գյուղի բնակիչների տները՝ անհասկանալի նպատակով։ Միաժամանակ Սյունիք են մեկնում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ինչպես նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Այս ամենը պատահական զուգադիպություն կարող է համարել միայն չափազանց միամիտ ու քաղաքականությունից հեռու մարդը։

Իսկ ապրիլի 21-ի առավոտից Սյունիքում տեղի է ունենում այն, ինչն ալեկոծում է ողջ երկիրը. բողոքի ակցիաներ գրեթե բոլոր համայնքներում, զայրացած ու վիրավորված ժողովուրդ, որը կապիտուլյանտի երեսին գոչում է այն ամենը, ինչ մտածում է նրա մասին, ընդհարումներ ոստիկանության հետ, բռնաճնշումներ սկսելու հրաման, Նիկոլի անփառունակ վերադարձ և սյունեցիներին սատարող ակցիա արդեն Երևանում: Մի քանի ժամ անց հաղորդագրություն է ստացվում Սյունիքի մարզի Փայլասար և Դիցմայրի գյուղերի, ինչպես նաև Արցախում Ստեփանակերտի և երկու գյուղերի՝ Շոշի ու Մխիթարաշենի ուղղությամբ արձակված կրակոցների մասին։

Այնուհետ՝ հաղորդագրություն Մեղրիի քաղաքապետի, մարզի այլ ղեկավարների և տասնյակ բնակիչների ձերբակալության մասին, ինչպես նաև Արցախի Պաշտպանության նախարարության հայտարարությունը, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները դարձել են պարբերական և հաճախակի: Որից հետո Երևանում երեկոյան տեղի ունեցան այն իրադարձությունները, որոնք հերթական շոկը դարձան, ապացուցելով վաղուց ակնհայտ ճշմարտությունը. Փաշինյանն այլևս ոչինչ չի թաքցնում, այդ թվում՝ Հայաստանի դեմ Ալիևի հետ համատեղ տարվող պատերազմը։ Եվ ցույց է տալիս, որ այդ պատերազմում իր համար չկան կարմիր գծեր. նա պատրաստ է անցնել ամեն չափ ու սահման՝ առանց չնչին իսկ վարանման ու երկմտանքի, և գնալ այնքան հեռու, որքան պահանջում են թուրքական շահերը։

Ալիև-Փաշինյան տանդեմի համակարգված գործողությունները շարունակվում են։ Եթե հաշվի առնենք նաև Կապանում խորհրդակցության ժամանակ Նիկոլի սկանդալային հայտարարության մասին տեղեկատվությունը, ապա ակներև է դառնում հերթական ու խիստ վտանգավոր հակահայկական ծրագրի իրականացումը։ Համաձայն մի շարք ԶԼՄ-ների, Փաշինյանը խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ «եթե չեն ուզում (սյունեցիները-Մ.Գ.) Մեղրիի միջանցքը իրենց կամքովխաղաղ կյանքի դիմաց տանուրեմն պատերազմով կվերցնեն»։ Ավելորդ է նշել, թե որքան լուրջ է այդպիսի հայտարարությունը և ինչ հետևանքներով է սպառնում ՀՀ դե-ֆակտո ղեկավարության նման դիրքորոշումը, որը լիովին համընկնում է թշնամու մտադրությունների հետ։ Սա, անշուշտ, արժանի է առանձին վերլուծության, իսկ առայժմ արձանագրում ենք ակնհայտը։

Գրեթե երեք տասնամյակ շարունակ Հայաստանի քաղաքացիներին փորձում էին ներշնչել այն միտքը, թե բավական է ընդամենը տալ Արցախը կամ առնվազն «անվտանգության գոտին» Ադրբեջանին, հայերը տեղնուտեղը կսկսեն ապրել հանգիստ, խաղաղ ու բարեկեցիկ կյանքով։ Այս զառանցալի գաղափարն էր դրված դրամաշնորհային հարյուրավոր ծրագրերի հիմքում, այդ թվում ՝ խաղաղասիրության սոուսով համեմված. դրանց մեջ ներդրվել են տասնյակ, եթե ոչ հարյուր միլիոնավոր դոլարներ ու եվրոներ։ Դա նենգ ու մանրակրկիտ մշակված մտահղացում էր, որը նախատեսված էր հիմնականում երիտասարդ սերնդի համար, որի գլուխը թլսորում էին ու լվանում ուղեղը՝ ներշնչելով, թե Արցախը կամ առնվազն «7 շրջանները» գլխավոր խոչընդոտն ու բեռն են Հայաստանի բարգավաճման ճանապարհին։

Այդ մասին պաշտոնապես առաջին անգամ հայտարարեց ՀՀ առաջին նախագահը՝ արտաքին ուժերի ծրագրերի հովանավոր հայրը, որոնք չէին համակերպվել Ղարաբաղյան առաջին ազատամարտում հայերի բացարձակ անտրամաբանական հաղթանակի հետ և հայկական հողերը կրկին թուրքերին նվիրելու ծրագրեր էին որոճում։ Խոսքը, բնականաբար, Տեր-Պետրոսյանի մասին է, որը դեռևս 1992թարտին հրապարակավ համաձայնեց Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավար հանրապետության կարգավիճակին։ Պատերազմում տարած հաղթանակը ստիպեց նրան միառժամանակ լռել, սակայն 1997-ին Տեր-Պետրոսյանն այնուամենայնիվ հայտարարեց Արցախը հանձնելու մտադրության մասին և արտաբերեց այն հանրահայտ արտահայտությունը, թե «Սերգո ջանը լավ չի ապրի, քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի հարցը»։

Ուղիղ 23 տարի անց հակահայկական քաղաքականության նրա ժառանգորդը իրականացրեց ուսուցչի նվիրական երազանքը։ Արցախը փաստացի հանձնված է, համենայն դեպս՝ նրա գերակշիռ մասը։ Այն, ինչ մնացել է, պահպանվում է բացառապես ռուս խաղաղապահների շնորհիվ։ Կարծես թե իրականացան գրանտակերներխաղաղասերների» և արևմտյան քեռիների կողմից լավ մշակված երիտասարդների երազները, որոնք անրջում էին եվրոպական չափանիշներով և լիբերալ արժեքներով ապրելու մասին։ Բայց խաղաղ կյանք չգիտես ինչու ոչ մի կերպ չի սկսվում. հակառակը, թուրքերի ախորժակը միայն ավելի է գրգռվում, և նրանք բացահայտ գրում են ոչ միայն Սյունիք-Զանգեզուրի, այլև Սեւանի ու Երևանի նկատմամբ նկրտումների մասին։

Բաքվում և Անկարայում դա երբեք չեն էլ թաքցրել. Ալիևը նմանատիպ հայտարարություններով հանդես է եկել նաև նախորդ տարիներին։ Բայց «խաղաղասերները» նախընտրում էին չնկատել դրանք՝ նրբորեն շրջանցելով սուր անկյունները։ Նրանք շրջանցում էին նաև Արևմտյան Հայաստանին առնչվող «անհարմար» հարցը. ինչո՞ւ դարասկզբին, ստանալով հայկական հողերի առյուծի բաժինը, թուրքերը չհանդարտվեցին, այլ շարունակեցին զավթախուժումը՝ յուրացնելով Նախիջևանն ու փորձելով նույնն անել Արցախի նկատմամբ։ Այն ժամանակ չստացվեց. սկսվեց ազգային-ազատագրական շարժումը, որը հանգեցրեց հայկական երկրամասի ազատագրմանը։

«Խաղաղասերները» ներողամտորեն քմծիծաղում էին նաև այն ժամանակ, երբ նրանց ասում էին պանթուրքիզմի քաղաքականության և Թուրքիայի ագրեսիվ ծրագրերի անփոփոխության մասին. իբր՝ այդ ինչե՜ր եք խոսում լուսավորյալ XX (XXI) դարում, երբ կա միջազգային հանրություն, Մարդու իրավունքներ, արևմտյան ժողովրդավարություն, ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ և այլն… Ու վստահաբար պնդում էին, թե եթե մենք Ադրբեջանին հանձնենք «7 շրջանները» կարգավիճակի դիմաց, ապա Բաքվում կբավարարվեն ստացածով ու կհանդարտվեն։ Իսկ եթե, իբր, համարձակվեն հարձակվել անկախ Արցախի վրա, ապա միջազգային հանրությունն անմիջապես կդատապարտի և կկասեցնի ագրեսորին։

2020-ի աշունը տվեց բոլոր հարցերի պատասխանները և շարունակում է տալ առ այսօր: Հայ ժողովրդի համար աղետալի պատերազմը, որում դավաճանները դատապարտեցին մեր Հայրենիքը պարտության ու վիթխարի կորուստների, ընթացավ բոլոր նրանց գրեթե բացարձակ լռության պայմաններում, ովքեր տասնամյակներ շարունակ համոզում էին Արցախից՝ որպես բեռից ազատվելու անհրաժեշտության մասին և դրացի-թուրքերի հետ բարեկեցիկ կյանքի քարոզ տանում։ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» խայտառակ բանաձևի համար տարիներ շարունակ անխոնջ մաքառած հայկական ոչ մի կազմակերպություն մի բառ անգամ չասաց ի դատապարտում ագրեսորի, որի ներկայացուցիչների հետ իրենք բազմիցս հանդիպել են տարբեր տեսակի միջազգային հավաքույթներում և «խելացի» երկխոսություններ վարել հայ ժողովրդի շահերի հաշվին կառուցելիք համատեղ ապագայի մասին։ Գրպանները լցնելով Հայրենիքի հետևողական դավաճանությամբ…

Այսօր, երբ պատերազմական գործողությունների ավարտից անցել է գրեթե կես տարի, իսկ խաղաղություն այդպես էլ չի տիրել, առավել քան ակնհայտ են նրանց կողմից տիրաժավորվող գաղափարների և «արժեքների» դիվականությունը, ցինիզմն ու վտանգավորությունը Հայաստանի և Արցախի համար։ Բայց այդ մարդիկ ու իրենց հովանավորները համառորեն լռում են, ասես չնկատելով տեղի ունեցածը։ Չնկատելով պատերազմի ժամանակ թուրքերի կատարած հանցագործությունները, հայկական համարանիշներով մեքենաների վրա վերջերս գործած հարձակումները և Բաքվից ու Անկարայից հնչող սպառնալիքները, չնկատելով Հայաստանի և Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ այսօր արձակվող կրակոցները։ Չարձագանքելով Բաքվի ագրեսիային Հայաստանի Հանրապետության դեմ, նրա սահմանների խախտմանը և ճանաչված պետության տարածքի հետևողական «ճանկմանը»: Լռության մատնելով ՀՀ քաղաքացիների պարագայում Մարդու իրավունքների զանգվածային խախտումները, որոնց մասին գրեթե ամեն օր հայտարարում է օմբուդսմենը:

Չնկատելով, որ Արցախը հանձնել են, իսկ պատերազմը շարունակվում է, և թուրքերը պահանջում են հայկական հողի նորանոր կտորներ։ Ինչպեսև այն ակնհայտ փաստը, որ նույնիսկ Արցախի մեծ մասը հանձնելուց հետո հայերի համար խաղաղություն չի հաստատվել, երկիրը հայտնվել է շատ ավելի մեծ վտանգի մեջ, և «սերգո ջան»-ները այդպես էլ չեն սկսել լավ ապրել։ Առաջին նախագահի կանխատեսումը չիրականացավ, թեև իրականություն դարձավ նրա երազանքը. նվիրել Արցախը թուրքերին։ Քանզի նրա աշակերտը շատ ավելի հեռուն գնաց. սա ցանկանում է թուրքերին նվիրել նաև Հայաստանը։

Հաշվի առնելով Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող գործընթացների առանձնահատկությունը՝ չնչին իսկ կասկած չկա, որ մեզ արդեն վաղը կսկսեն համոզել, թե Սյունիքի տարածքով տրանսպորտային միջանցքն  անհրաժեշտություն ու բարիք է ՀՀ քաղաքացիների համար, փոխարենը խոստանալով հանգիստ և բարեկեցիկ կյանք։ Դա, ըստ էության, արդեն տեղի է ունենում. նրանք, ովքեր երեկ վստահեցնում էին, թե Արցախը բեռ է, որից պետք է ազատվել, այսօր խոսում են թուրքերի հետ ամեն գնով խաղաղության ու բարեկամության մասին։ Մեղրիի միջանցքը այդ հսկայական գնի բաղկացուցիչներից մեկն է, իսկ ողջ «արժողությունը», ըստ թուրքական ծրագրերի, ամբողջ Հայաստանն է։

Եվ չզարմանաք, եթե շատ շուտով նիկոլ-թուրքական եռյակը, միջազգային տխրահռչակ հանրության մեռյալ լռության ներքո, վերջնագիր ներկայացնի. կա՛մ Փաշինյանը մնում է իշխանության ղեկին, կա՛մ կստանաք նոր պատերազմ։ Ամեն ինչ ընթանում է հենց այդ ուղղությամբ։