Սյունիքում տեղի ունեցած ակցիաների գործով մեղադրանք է առաջադրվել 27 անձի, կալանավորվել է՝ մեկը
Սյունիքում՝ ապրիլի 21-ին, Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված բողոքի ակցիաների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 27 անձի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Նշենք, որ դեռևս ապրիլի 23-ին ՔԿ-ն հայտնել էր 19 մեղադրյալի մասին, որոնցից 8 -ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն էր ներկայացվել դատարան։
Այս պահի դրությամբ՝ դեռևս առկա չէ պաշտոնական տեղեկություն առ այն, թե 27 մեղադրյալից քանիսին է նախաքննական մարմինը կալանավորելու միջնորդություն ներկայացրել և ընդհանրապես «Սյունիքի» գործով քանի մեղադրյալ է կալանավորվել։
Ոչ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ ապրիլի 24-ին դատարանը բավարարել է միայն մեկ մեղադրյալի՝ Ագարակի բնակիչ Գևորգ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը՝ 1 ամիս ժամանակով։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ապրիլի 21-ին սյունեցիները գաղտնի ժամանած Փաշինյանին դիմավորել են՝ «Նիկոլ, դավաճան», «կապիտուլյանտ» և այլ վանկարկումներով։ Վերջինս անգամ չի կարողացել մուտք գործել Քաջարան և վերադարձել է Կապան՝ Սյունիքի մարզպետարան, որտեղ կայացած խորհրդակցության ժամանակ հրահանգներ է տվել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ կտրուկ քայլեր իրականացնել և հրապարակավ պատժել։