Հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Քերոլայն Քոքսը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 27-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին, որը Հայաստանում էր գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու համար: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Ողջունելով հյուրին՝ Միրզոյանը նշել է, որ իր համար անձնապես մեծ պատիվ է հյուրընկալել հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկին Ազգային ժողովում:

ԱԺ նախագահը և բարոնուհի Քոքսը քննարկել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Արցախում հումանիտար իրավիճակի բարելավմանը, Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող ռազմագերիների և այլ անձանց հայրենիք վերադարձին վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղելու ջանքերը միջազգային գործընկերների հետ աշխատանքներում:

Հանդիպման ավարտին Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Քոքսին` շուրջ 30 տարի հայերի կողքին լինելու և այս տարիների ընթացքում անշահախնդրորեն արդարացի պայքար մղելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia: