ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԱՎՈՐՆ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

«Ընթանում է օկրուգի հետևողական համալրում մարտական սպառազինությամբ»

Քաղաքագետների ուշագրավ հատկանիշն է՝ անվերջ մեկնաբանել քաղաքական խաղի որոշ մասնակիցների հայտարարությունները, լռության մատնելով մյուսների տեքստերը։ Այսպես, հայ վերլուծաբանները կենտրոնացել են «Զանգեզուրի միջանցքի» մասին Իլհամ Ալիևի խոսքերի վրա, թե իբր՝ «եթե Հայաստանը ցանկանա, ապա դա հեշտությամբ կարելի է լուծել, եթե չցանկանա, ապա կլուծենք ուժով»։ Ալիևը խախտում է բոլոր տաբուները և սպառնում ՀԱՊԿ-ի անդամ պետությանը։

Սուլթանը հայտարարեց նաեվ, որ Բաքուն չի կարող թույլ տալ Հայաստանին՝ բերել իր բանակն այնպիսի վիճակի, որ վերջինս կարողանա սպառնալ Ադրբեջանին: Այդ խոսքերի խորապատկերին ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են հայ-ռուսական համատեղ ռազմական խմբավորման հեռանկարները։

Իհարկե, Ալիևը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի հայկական բանակը չկարողանա վերադարձնել տարածաշրջանի ամենամարտունակ բանակի հեղինակությունը։ Երևանից, ինչպեսև պետք էր սպասել, այդ խոսքերին ոչ ոք չպատասխանեց։ Փաշինյանը համապատասխան ոտանավոր չգտավ… Ապրիլի 24-ին նա զանգահարեց Պուտինին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանում տիրող իրավիճակի մասին նրան տեղեկացնելու համար, խոսվել է նաև Արցախում կայունության պահպանման գործում ռուս խաղաղապահների դերի մասին:

Մինչ մեջբերում էին Ալիևին, տեսադաշտից բաց թողեցին, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նույնպես ինչ-որ բան ասաց այդ օրերին և մի շատ անկեղծ ակնարկ արեց։ Նրա խոսքերով, դեռևս անցած տարի սկսվել է Հարավկովկասյան ռազմական օկրուգի մարտունակության բարձրացման գործընթացը: Նախարարը նշեց 54 միջոցառում, որոնցից գլխավորը մոտոհրաձգային ևս մեկ դիվիզիայի ձևավորումն է:

«Ընթանում է օկրուգի հետևողական համալրում մարտական սպառազինությամբ, 2020 թվականին ստացվել է ավելի քան 32 հազար միավոր ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Դրա բաժինը զորամասերում և զորամիավորումներում կազմել է 70%»,- հայտարարեց Շոյգուն։ Արցախում տեղակայված զինվորական ստորաբաժանումները դասվում են հենց Հարավկովկասյան ռազմական օկրուգին։ Ակնհայտ է, որ այդ օկրուգի հետևողական համալրումը ժամանակակից և գերժամանակակից սպառազինությամբ նպատակ է հետապնդում ցույց տալ Ռուսաստանի շահերը։

Այդ գործողությունները կոչված են ցուցադրել միջազգային հանրությանը, որ Մոսկվային հետաքրքրում է ոչ միայն ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում տիրող իրավիճակը և որևէ պարագայում նա մտադիր չէ բաց թողնել Հարավային Կովկասի իրադարձություններն իր շահերի ոլորտից: Շոյգուն չափազանց հստակ ձևակերպեց «Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում իրադրության ապակայունացմանն ուղղված ՆԱՏՕ-ի փորձերին» կայունացման ուղղությամբ Ռուսաստանի ջանքերը հակադրելու խնդիրը։ Ապակայունացման ուղղությամբ ՆԱՏՕ-ի գործադրած ջանքերը հայ քաղաքագետները նախընտրում են չմեկնաբանել։

Կարմիր գծերի մասին խոսքերը լսեցին բոլորը

Հիշեցնեմ, որ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր ներկայացուցիչը Թուրքիան է, որի բանակը դաշինքում երկրորդն է թվաքանակով ու սպառազինությամբ։ Շոյգուի խոսքերը պետք է ընկալել որպես նախազգուշացում, որ ՆԱՏՕ-ի ակտիվացման դեպքում ռուսական կողմի պատասխանը չի ուշանա:

Սպառազինությունը 70%-ով արդիականացնելու մասին Շոյգուի խոսքերը հասան հասցեատիրոջը և ընդունվեցին ամենայն լրջությամբ: Անկարայում անմիջապես խոսեցին Մոսկվա ներկայացուցչական պատվիրակություն ուղարկելու և ռուս զբոսաշրջիկների վերադարձի ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին:

Բոլորը լսեցին Պուտինի խոսքերն արդի աշխարհում կարմիր գծերի մասին, Պենտագոնում ու ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անշուշտ տեղյակ են, որ Ռուսաստանը վաղուց արդեն մոլորակի առաջատարն է ժամանակակից սպառազինության քանակով և որակով, ուստի Կրեմլի համբերությունը փորձել ոչ ոք չի հանդգնի: Պուտինը հասկացնել տվեց, որ պատասխանն անհամաչափ կլինի, և այնտեղ, որտեղ Ռուսաստանի շահերն են, պետք է պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Համաշխարհային դիմակայության այս ռաունդում Պուտինը հաղթեց, Հայաստանը պետք է օգտվի իրավիճակից և լուծի սահմանների անվտանգության հետ կապված հետպատերազմյան խնդիրները, որոնք առաջացել են 44-օրյա պատերազմի արդյունքում։ Ռուսաստանը հավաքական Արևմուտքին ցույց տվեց, որ չի հանդուրժի ահագնացում այն տարածաշրջաններում, որտեղ ռազմական ներկայություն ունի։

Թե կկարողանա արդյոք հայկական իսթեբլիշմենթը կապիտալացնել ապրիլի 24-ի ամենամյա ելույթում Բայդենի կողմից երկու անգամ արտաբերված «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը, դեռևս պարզ չէ, փոխարենը ակնհայտ է, որ այսօր Ռուսաստանի ռազմական հզորությունը խաղաղության և կայունության միակ երաշխավորն է Հարավային Կովկասում:

Հակառուսական հիստերիա

Հայկական կողմի համար հարմար պահ է առաջացել՝ ձևակերպելու պահանջները, եթե, իհարկե, գործող իշխանությունը գիտի, թե ինչ է դա։ Սյունիքի հայտնի իրադարձություններից հետո հակառուսական հիստերիան Հայաստանում հասավ գագաթնակետին։

Փաշինյանի մերձավոր թիմակից պատգամավոր Արման Բաբաջանյանն օրերս ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բաց տեքստով հայտարարեց, թե Ռուսաստանի մեղքով է Հայաստանը 44-օրյա պատերազմի արդյունքում զրկվել Շուշիից ու Հադրութից: Հոկտեմբերի 19-ին Պուտինի արած առաջարկի և Շուշին պահպանելուց Փաշինյանի հրաժարման մասին իշխանական շրջանակների ներկայացուցիչները գերադասում են չհիշել։

Հիշեցնեմ, որ Պուտինն անձամբ հայտարարեց, որ Շուշին պահպանելու Փաշինյանի հրաժարումը զարմացրել է իրեն։ Ռուսաստանի առաջնորդին է՛լ առավել կզարմացներ այն, որ ֆեյքերի ֆաբրիկան Կրեմլին մեղադրում է Արցախում և Հայաստանում ևս մեկ պատերազմ սանձազերծելու փորձի մեջ, իսկ որպեսզի դա տեղի չունենա, Փաշինյանը փորձում է հավաստիացնել հայ հանրությանը, թե «Մեղրիի միջանցքի» բացումը բխում է մեր շահերից, քանի որ փոխարենը մենք կստանանք ոչ միայն խաղաղություն, այլև ճանապարհ Նախիջևանով։ Սյունիքի մարզպետարանում (Կապան քաղաք) նա բաց տեքստով ասաց, որ կա՛մ կլինի այնպես, ինչպես Ալիևն է ուզում, կա՛մ պատերազմ կսկսվի։ Հիշեցնեմ, որ Մեղրիում Փաշինյանը մնաց ընդամենը մի քանի րոպե, որից հետո ստիպված էր հեռանալ տեղի բնակիչների կողմից ոչ այնքան ջերմ ընդունելության պատճառով։

Ցանկացած միջոցներ, այդ թվում հողերի հանձնման մասին եռակողմ հայտարարության դրույթների կատարման ուղղությամբ, պահանջում են բանակցություններ. խնդիրն այն է, որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ նրա կառավարությունը ի վիճակի չեն նման բանակցություններ վարել։ «Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ միջանցքը լավ առիթ է Կասպից ծովով Աֆղանստանից, Պակիստանից, Կենտրոնական Ասիայից թմրանյութերի անվերահսկելի շրջանառություն հաստատելու համար: Սա բազմամիլիարդանոց շահույթ է` նավթի գների անկման պայմաններում: Իսկ թմրանյութերի անվերահսկելի շրջանառությունը Հայաստանի տարածքով սարսափելի է»,- հայտարարեց Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։

Основная тема:
Теги: