Արթուր Վանեցյանին ՀՀ քննչական կոմիտե են կանչել
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն: Տեղեկությունը Spuntik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Պարոն Վանեցյանը հրավիրվել է նյութերի նախապատրաստման շրջանակներում բացատրություն տալու՝ կապված ենթադրյալ, իբր, դասալքության հետ։ Նա չի հարցաքննվել, նա բացատրություն է տվել։ Հարուցված քրեական գործ չկա։ Եթե իրավական գործընթաց սկսվի, քրեական գործի հարուցումը պետք է մերժվի», – ասել է Սահակյանը։
Վանեցյանի փաստաբանը նշել է, որ «Հայրենիք» զորախմբի` Շուշիի դիրքերը լքելու մասով հրապարակային կերպով հերքում է եղել այնպիսի անձանց կողմից, որոնք հենց Շուշիում են եղել։
«Սա քաղաքական հետապնդման շարունակությունն է»,- նշեց փաստաբանը։