Ռոբերտ Քոչարյանը՝ Հայաստանի տնտեսական հեռանկարների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանի շուկան 145 մլն է, ԵԱՏՄ շուկան՝ ավելի մեծ, արդյունավետ կառավարման պարագայում, եթե մենք այստեղ չխանգարենք մեր գործարարներին և մեկ ավել քայլ անենք Ռուսաստանի հետ ինտեգրացիայի ուղղությամբ, իրոք, համոզված եմ, որ այդ մեծ շուկա մտնելով Հայաստանի համար այնպիսի մեծ ռեզերվներ են բացվում, որ շատ հանգիստ կարող ենք հաջողության հասնել: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսական հեռանկարներին;

 


«Նաև Ռուսաստանի համար դա հետաքրքիր կլինի՝ փոքր ծավալի մեջ աջակցել այն աստիճանի, որ Հայաստանն էապես տարբերվի իր տնտեսական առաջխաղացումով և օրինակ ծառայի ուրիշների համար՝ ավելի խորը ինտեգրվելու առումով: Սա կարող է լինել մի օրինակ, որը հրապուրիչ կդարձնի Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրման ճանապարհը: Չմտնենք մոդելավորման մեջ, որովհետև այդպիսի ծրագիր ունեմ և գիտեմ, թե կոնկրետ ինչ է պետք է անել»,-ասաց նա:

Քոչարյանը հայտարարեց, որ տնտեսական ոլորտի կայունության համար չափազանց կարևոր են մակրոտնտեսական կայունությունը, ներդրումային միջավայրը, որն այս երեք տարվա ընթացքում քայքայել են մինչև վերջ:

«Այո, այդ հնարավորությունը կա, և եթե ես չունենայի այդ վստահությունը, որ մենք ի վիճակի ենք կրկնել այն տնտեսական հաջողությունները, որոնք գրանցել ենք 1998-2008 թվականներին, ապա այս հայտը՝ մասնակցել ընտրություններին, չէի տա:

Ով չի ուզում աշխատել, էն գլխից ես ինքս կխնդրեմ, որ ինձ ձայն չտա: Որովհետև չեմ թողնելու դիվանագետ լինի՝ դիվանին պառկած: Հնարավորություն կա Հայաստանը մեծ շինհրապարակի վերածելու: Բոլորի համար աշխատանք լինելու է»,-ասաց նախկին նախագահը:

Նա հավելեց, որ այսօր Հայաստանում գնաճն աննորմալ չափերի է հասել, այսպես չպետք է լինի. «Երբ փորձում ես հասկանալ, թե ինչու է այդպես, իշխանությունը որևէ բացատրություն չի տալիս: Երբ թվերով ես նայում, հասկանում ես, որ ոչ միայն քաղաքականությունն է կեղծիքի վրա կառուցվում, նաև տնտեսությունը: Գնաճի հետ կապված իրավիճակը ևս հնարավոր է շտկել շատ կարճ ժամանակում: Դուք ընտրություններից հետո մեկ ամսվա ընթացքում զգալու եք:

Չկան ներդրումներ ընդհանրապես: Նավթ, գազ նման կարգի բնական ռեսուրսներ չունեցող երկիրը չի կարող զարգանալ: Իսկ ներդրումային քաղաքականությունն այնպիսի վիճակի են հասցրել, որ ոչ մի ողջամիտ մտածող ներդրող Հայաստանում ներդրում չի անելու: Ավերեցին բանկային գաղտնիքը, մի շարք այլ հարցեր, մասկի շոուներով գործարարների հետևից ընկնելով, քրեական գործեր հարուցելով, մատ թափ տալով… այդպես տնտեսություն չեն զարգացնում:

Միայն մեկ նախադասությունը հերիք է, որ խաչ քաշեն ներդրումային միջավայրի վրա, երբ վարչապետն ասում է, թե ամեն մի ներդրողի կցելու են ԱԱԾ-ի աշխատող: Դա ուղղակի հերիք է: Սա նշանակում է զրոյական մակարդակի վրա հասկանալ ներդրողի, գործարարի հոգեբանությունը: Այդ կարգի հիմարություն դժվար է նույնիսկ հորինել»,-ասաց նա, տեղեկացնում է News.am: