ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ
Գործող նախագահի կողմնակիցների «Չորրորդ Հանրապետություն» տելեգրամ-ալիքը նախանձելի ակտիվություն է ցուցաբերում Արմեն Սարգսյանի գովազդման գործում։ Այնտեղ կարելի է տեսնել բավական համարձակ պնդումներ վերջինիս նշանակալիության մասին, օրինակ. «Հայաստանի հնարավորությունը Արմեն Սարգսյանն է, որի հետ պատրաստ են խոսել Մոսկվայում, Վաշինգտոնում, Եվրոպայում և արաբական աշխարհում»: Մեղմ ասած՝ կասկածելի պնդում, հատկապես եթե հիշենք Սարգսյանի վերջին այցը Մոսկվա, որի ընթացքում ՀՀ նախագահը ոչ մի հանդիպում չի ունեցել Ռուսաստանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ։
Ինքը՝ Արմեն Սարգսյանը խորհրդարանական ընտրություններին անմիջական մասնակցություն ունենալ չի կարող. մերօրյա Հայաստանում նախագահական ինստիտուտը վերկուսակցական կառույց է։ Բայց դա չի նշանակում, թե նա խորհրդարանական ընտրարշավի անմասն դիտորդ է լինելու, թե չի կարող ունենալ իր նախապատվություններն ու հակակրանքը։ Դրանք, իհարկե, առկա են, իսկ այդ համակրանքի ու հակակրանքի ակունքները Հայաստանի սահմաններից դուրս են։
Այդ համատեքստում ուշագրավ է Արմեն Սարգսյանի վերջին այցը Սյունիք՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի այնտեղ ուղևորվելուն զուգահեռ։ Սյունիքի շուրջ վերջին իրադարձությունների վերաբերյալ դավադրաբանական, բայց իրականությանը շատ մոտ վարկածն ասում է, որ հենց Արմեն Սարգսյանի հետ գաղտնի բանակցելու դեսպան Թրեյսիի ցանկությանն ենք մենք պարտական իրադարձությունների հետագա սկանդալային ընթացքի համար։
Չէի՞ն կարող հանդիպել Երևանում։ Կարող էին, իհարկե, բայց կարգավիճակի բերումով Արմեն Սարգսյանը չէր կարող ընդունելության գնալ դեսպանի մոտ, իսկ եթե Թրեյսին այցելեր Սարգսյանին վերջինիս նստավայրում, ապա նրանց խոսակցության բովանդակությունը գաղտնի չէր մնա համապատասխան կառույցներից, հետևաբար՝ նաև Փաշինյանից։ Դատելով ամենից, Թրեյսին ու Սարգսյանը գերադասել են խոսել կասկածամիտ Փաշինյանի ամենատես աչքից հնարավորինս հեռու, դրա համար էլ այսօրվա Սյունիքի խնդիրների նկատմամբ գորովաշարժ հոգատարությունը նրանց մոտ դրսևորվեց միաժամանակ։
Փաշինյանն այդ սինքրոնությունից այն աստիճան լարվեց, որ նույնիսկ իմանալով տարածաշրջանում իր ցածր վարկի մասին՝ ինքն էլ սլացավ Սյունիք՝ հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում, դեն չե՞ն նետում արդյոք իրեն երբեմնի հուսալի նեցուկները։ Դատելով ամենից՝ այդպես է որ կա, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Արմեն Սարգսյանը դադարել է ստորագրել խորհրդարանի կողմից ընդունվող օրինագծերը, վերահասցեագրելով դրանք Սահմանադրական դատարանին։
Իսկ ահա թե ինչպես է մեկնաբանում Արմեն Սարգսյանի սյունիքյան այցը մեր կողմից արդեն հիշատակված տելեգրամ-ալիքը. «Սուպերբռնապետ-վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարգսյանի այցն ընկալեց որպես նրա ընտրարշավի մեկնարկ և, տրվելով վախին, անմիջապես ինքն էլ թռավ այնտեղ։ Նա սարսափում է լոկ այն մտքից, որ նախագահը ակտիվություն է ցուցաբերում. չէ՞ որ հենց Սարգսյանին է նա դիտարկում որպես իր իշխանությանը սպառնացող գլխավոր վտանգ։ Նախագահի այցը բարեհաջող անցավ, ի տարբերություն նրա հետևից եկած Փաշինյանի, որին մարդիկ ողջունեցին «Նիկոլ դավաճա՛ն» կարգախոսներով։ Արժանի ընդունելություն»։
Սակայն գնալով ավելի հաճախ ցուցադրելով Փաշինյան-քաղաքական գործչի հանդեպ իր մերժողական վերաբերմունքը, Արմեն Սարգսյանը է՛լ ավելի ջանադրաբար անջրպետվում է «նախկիններից», թեև հենց Սերժ Սարգսյանի թիմն է նստեցրել իրեն նախագահի աթոռին։ Բայց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Արմեն Սարգսյանի ալերգիան մնացյալ կրքերից առավել ուժգին է, այդ իսկ պատճառով «Չորրորդ հանրապետություն» տելեգրամ-ալիքն անամոթաբար ստում է. «Անցած քսան տարիների ընթացքում բացարձակապես ոչինչ չի արվել ռազմավարական առումով այդքան կարևոր մարզի ամրապնդման ու զարգացման համար: Նախկինները քամել են մարզի ռեսուրսները, որպես շահաբաժին թողնելով ոչնչացված էկոլոգիա, աղքատություն ու հիվանդություններ»։ Նկատենք, որ Տեր-Պետրոսյանի կառավարմանը այդ գրառումը ոչ մի կերպ չի անդրադառնում…
Իհարկե, Արմեն Սարգսյանի վարկանիշը ցածր է, և առաջիկա խորհրդարանական ընտրություններում նախագահը որոշիչ դեր չի խաղալու։ Բայց ինչ-որ չափով ազդել իրավիճակի վրա կարող է։ Ուրեմն ո՞ւմ վրա խաղադրույք կկատարեն Արմեն Սարգսյանն ու Լին Թրեյսին։ Էդմոն Մարուքյանի՞։