Նախագահը չի մեկնաբանում. լիազորություն չունի

Հանրապետության նախագահը չունի Սահմանադրության պաշտոնական մեկնաբանություն իրականացնելու լիազորություն: Այս մասին News.am-ին հայտնեցին նախագահի աշխատակազմից՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք ունի՞, թե՞ ոչ։ News.am-ը հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի 2–րդ մասին, ըստ որի Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, հետաքրքրվել էր նաև, թե Նիկոլ Փաշինյանի կողմից հրաժարական ներկայացնելուց հետո վարչապետի պարտականությունները կատարելը արդյոք չի՞ հակասում ՀՀ Սահմանադրությանը։

Ի պատասխան՝ նախագահականից հիշեցրել են` «Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով» , միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ Սահմանադրական դատարանն իր 2020թ. մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշմամբ արձանագրել է, որ կառավարության հրաժարականն ընդունելը (Սահմանադրության 130-րդ հոդված) Հանրապետության նախագահի պարտադիր լիազորություններից է:

Հիշեցնենք, որ ապրիլի 25–ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց և հայտնեց արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ինքն այս ընթացքում կկատարի վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով:

Փաշինյանի՝ որպես վարչապետի պաշտոնակատար գործունեությունը շարունակելու հարցը լուրջ քննարկումների տեղիք է տվել հասարակության՝ հատկապես իրավական հանրության շրջանում։ Իրավաբանների մի մասը պնդում է, որ Սահմանադրության և գործող օրենսդրության ուժով Նիկոլ Փաշինյանը չի հանդիսանում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար և այդ քայլով, նա, ըստ էության, զավթել է իշխանությունը և որ այս ընթացքում նրա կողմից ստորագրված բոլոր որոշումներն առոչինչ են, իսկ հրամանները ենթակա չեն կատարման ՀՀ պետական կառավարման գործադիր մարմինների կողմից։ Մինչդեռ իշխանության ներկայացուցիչները վստահ են, որ գործընթացը համապատասխանում է Սահմանադրությանը։ Վարչապետի պաշտոնավարման օրինականության և առաջիկա ընտրությունների օրինակարգությունն ապահովելու մտահոգությամբ է հանդես եկել անգամ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։ Վերջինս Փաշինյանի հետ պայմանավորվածության գնացած խորհրդարանական ուժերին, ՀՀ նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին կոչ է արել ամենայն լրջությամբ վերաբերվել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածում և նրա հետագա հրապարակումներում բերված փաստարկներին։

«Այդ փաստարկները հաշվի չառնելու պարագայում նշածս բոլոր սուբյեկտները պատասխանատու կդիտվեն առաջիկայում նախատեսված հակասահմանադրական ընտրությունների անցկացման գործում»,–նշել է առաջին նախագահը։

 ՍԴ նախկին պաշտոնյան իր հոդվածում հղում կատարելով Սահմանադրությանը՝ արձանագրել էր, որ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի։ Ըստ Ղազարյանի՝ այդ ողջ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը պետք է պաշտոնազրկվի և ստանա ՀՀ սովորական քաղաքացու կարգավիճակ։