ՄԱՐՏ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՄԱՐ. ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ՝ ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ

Սոցցանցերում և ԶԼՄ-ներում չի հանդարտվում աղմուկը ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից արտանետված հերթական լուսանկարի շուրջ. Ալիևները գրկել են մի հաստաբուն ծառ՝ սոսի։ Հայրն ու դուստրը զմայլանքով նույնիսկ համբուրում են այն, ինչը օրինաչափ հարցեր է առաջացնում նրանց հոգեկան առողջության վերաբերյալ։ Թե որտեղ է արված լուսանկարը, հենց այն հարցն է, որի շուրջ բորբոքվեցին կրքերը։ Ըստ Բաքվի լրատվամիջոցների՝ Արցախի գրավյալ տարածքներում, Կովսականի (Զանգելան) շրջանում։ Սակայն մի շարք հայ փորձագետներ ենթադրություն են հայտնել, որ լուսանկարն արվել է հանրահայտ «Սոսիների պուրակում»՝ Սյունիքի բնական արգելոցում։

Այս վարկածի հերքումով հանդես եկավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, ըստ որի՝ Ալիևները լուսանկարվել են ոչ թե Սյունիքի, այլ Արցախի տարածքում։ «Դա Ծավ գետի հովտով շարունակվող, վերջին պատերազմական իրադրությամբ պայմանավորված Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է»,- ասված է հայտարարության մեջ։ Այս պնդումը փորձագետներին առիթ տվեց հայտարարելու, որ, ըստ էության, Հայաստանի իշխանությունները պատրաստվում էին հանձնել Արցախը 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ռազմական գործողությունների սկսվելուց շատ առաջ, եթե սահմանային սյուները տեղադրվել են նախքան պատերազմը։

Մինչդեռ Սյունիքի մարզի համայնքների մի շարք ղեկավարներ նույնպես պնդում են, որ Սոսիների պուրակի տարածքի մեծ մասը Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանին է հանձնվել դեռևս դեկտեմբերի 18-ին: Համաձայն News.am-ի, այդ մասին հայտարարել են Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը և Ներքին Հանդ գյուղի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։ Շիկահող վարչական շրջանի ղեկավար Նարե Ղազարյանի խոսքերով՝ ծառը, որը լուսանկարում գրկել են Ալիևները, համարակալվել է տարիներ առաջ։ «Բացի այդ, «Սոսիների պուրակը» երբեք չի մտել Կովսականի ու Որոտանի շրջանների մեջ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ 1958-ին անտառն ամբողջությամբ մտել է Սյունիքի մարզի տարածքի մեջ։

Վեճը, որն արդեն դուրս է եկել այն հարցի սահմաններից, թե կոնկրետ որտեղ են լուսանկարվել Ալիևները, առավել քան դիպուկ բնութագրում է Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Կառավարությունը, ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, ժխտում է, որ Ալիևները ելումուտ ունեն Սյունիքի մարզ, իսկ համայնքների ղեկավարները հրապարակեցին, ըստ էության, սարսափելի փաստը. տարածքները ՀՀ իշխանությունների կողմից գաղտնի փոխանցվել են Ադրբեջանին դեռևս դեկտեմբերին, և պուրակի լոկ մի փոքր մասն է մնացել հայկական կողմի վերահսկողության տակ։

Այն, որ Փաշինյանի կառավարության և Սյունիքի միջև գաղտնի պատերազմ է ընթանում, վերջնականապես պարզ դարձավ նրա ձախողված ու խայտառակ այցի ընթացքում։ Այժմ բոլոր հիմքերը կան՝ համարելու, որ հակամարտությունը սկսվել է պատերազմից մոտ մեկ ամիս անց, և Հայաստանի տարածքների հանձնումը թշնամուն սկսվել է Արցախը հանձնելուց անմիջապես հետո։ Եվ եթե Արցախը հանձնելու մասին փաստաթուղթը հրապարակվել է ու հայտնի են դրա բոլոր կետերը, ապա հասարակայնությունն առ այսօր տեղյակ չէ այն պայմանավորվածությունների մասին, որոնք Փաշինյանի և Ալիևի միջև բանավոր կամ գրավոր կնքվել են բուն Հայաստանի՝ առնվազն Սյունիքի մարզի տարածքի վերաբերյալ։ Այն պայմաններում, երբ հայ ժողովուրդը խորագույն շոկի մեջ էր Հայրենիքի մի մասի կորստի ու ահռելի թվով զոհերի համար վշտից, պետության փաստացի ղեկավարը շարունակել է իր դավաճանական գործունեությունը՝ հանձնելով արդեն Հայաստանի Հանրապետության տարածքները:

Ավելին, Փաշինյանը Սյունիք կատարած իր տխրահռչակ այցի ժամանակ հրապարակավ կրկնեց իր ոճրակից Ալիևի խոսքերը պատերազմի մասին, որը սպառնում է մարզին՝ իր կապիտուլյանտային պայմանավորվածություններին չենթարկվելու դեպքում։ Այդ հայտարարությունը, որը ներկայացրել են բազմաթիվ ԶԼՄ-ներ, այդպես էլ չհերքվեց կառավարության ու վարչապետի աշխատակազմի կողմից, չնայած դրա իմաստը կարող է շոկի մեջ գցել նույնիսկ մեզ՝ արդեն ամեն ինչի կարծես թե վարժված մարդկանց։ Ընդ որում Փաշինյանը գրեթե բառ առ բառ կրկնեց Ալիևի հայտարարությունը հենց հաջորդ օրը։

Հիշեցնեմ, որ ապրիլի 20-ին Ադրբեջանի նախագահը հերթական անգամ տարածքային պահանջներ ներկայացրեց ՀՀ-ին՝ հայտարարելով, որ եթե հայերը չհամաձայնեն տալ «Զանգեզուրի միջանցքը», ապա իրենք հարցը կլուծեն ուժով և «101 տարի անց կվերադառնան Զանգեզուր»։ Ապրիլի 21-ին Փաշինյանը Կապանում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ «եթե չեն ուզում (սյունեցիները-Մ.Գ.) Մեղրիի միջանցքը իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն պատերազմով կվերցնեն»։ Այսինքն Հայաստանի ղեկավարը, որն այդ պահին դեռ վարչապետի պաշտոնակատար էլ չէր, իր համաքաղաքացիներին պատերազմով է սպառնում, եթե նրանք չհամաձայնեն տրանսպորտային միջանցք տրամադրել թշնամական պետությանը։ Այդ հաղորդագրությունը, կրկնեմ, չի հերքվել իշխանությունների կողմից. ամենայն հավանականությամբ, հենց իշխանական աղբյուրներն են նպաստել դրա տարածմանը։

Հաջորդ օրերին Ալիևը մի քանի անգամ կրկնեց արդեն նաև միջազգային հարթակներում ասածը, խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ որպես կատարված փաստի։ Հասկանալի է, որ Բաքվի քարոզչամեքենան, ի տարբերություն վերջնականապես պապանձված հայկականի, աշխատում է ողջ հզորությամբ։ Նույնքան հասկանալի է, որ նման հայտարարությունները հայերի վրա հոգեբանական ճնշում գործադրելու փորձ են, յուրօրինակ տեղեկատվական տեռոր, որն Ադրբեջանը կիրառում է պատերազմի առաջին իսկ օրվանից սկսած։ Բայց պարզ է նաև, որ Ալիևն այդքան վստահ չէր խոսի, եթե գրպանում չունենար Փաշինյանի հետ ամուր համաձայնությունն ու հստակ պայմանավորվածությունը։

Սյունիքի շուրջ ստեղծված ողջ իրավիճակը, սկսած Արցախում ռազմական գործողությունների ավարտի օրվանից, հենց այդ մասին է վկայում։ Խայտառակ, աշխարհում չլսված-չտեսնված «սահմանանշում» GPS-ի միջոցով, փոխվարչապետի ինչ-որ կեղտոտ ակնարկներ բանավոր պայմանավորվածությունների և մի անհասկանալի փաստաթղթի վերաբերյալ, տարածքների բացահայտ հանձնում Ադրբեջանին՝ «խորհրդային սահմանների» վկայակոչումով, ինչի արդյունքում բազմաթիվ սյունեցիներ ստիպված են ապրել թշնամու դիրքերից բառացիորեն մի քանի մետր հեռավորության վրա, միջադեպերի և սադրանքների անդադար շարան Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից... Վերջին աղաղակող միջադեպը ՀՀ քաղաքացի հովվին ՀՀ տարածքից առևանգելու փորձն էր, որին ի պատասխան Հայաստանի իշխանությունները մի բառ անգամ չասացին. ոչ մի բառ… Ավելին, Փաշինյանի թիմակիցը հայտարարեց, որ այդպիսի դեպքերը կրկնվելու են։ Հայաստանի օմբուդսմենի բազմաթիվ նախազգուշացումներն ու կոչերը՝ GPS-ով սահմանազատումը դադարեցնելու և Սյունիքում անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին, նույնպես չարժանացան իշխանությունների արձագանքին…

Ուրիշ ի՞նչ է պետք՝ ստեղծված իրավիճակում մեն-միակ ճիշտ եզրակացությանը հանգելու համար. Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայաստանի կարևորագույն մարզերից մեկին և ոլորում է դրա բնակիչների թևերը, որպեսզի ամեն գնով հասնի այն ամենին, ինչը հարկավոր է թուրքերին: Ուրիշ ի՞նչ է պետք՝ հասկանալու համար. իրեն վարչապետ համարող սուբյեկտը թշնամու հետ ձեռք ձեռքի տված պատերազմ է մղում սեփական քաղաքացիների դեմ, որպեսզի նրանց էլ ստիպի կապիտուլացվել թշնամու առջև և հանձնել այն հողը, որի վրա ապրում են, ինչպես որ ինքը հանձնեց հայկական հողերն Արցախում։ Դա արվեց պատերազմի և մարդկային ահռելի զոհերի միջոցով. հիմա նա սյունեցիներին պատերազմով է սպառնում Ալիևի անունից, եթե նրանք չենթարկվեն իր հերթական հանցավոր հակահայկական ծրագրերին, որոնք գործում են բացառապես հօգուտ թուրքերի։

Սյունիքի համար մղվող մարտը, սկիզբ առնելով դավաճանության արդյունքում պարտության դատապարտված արցախյան մարտից հետո, անկասկած, թափ է հավաքելու։ Ապշեցուցիչ է, բայց, Փաշինյանի հավաստմամբ՝ առաջիկայում կայանալիք ընտրություններն անգամ հետ չեն պահում ո՛չ իրեն, ո՛չ էլ իր յուզգյար Ալիևին նախանշված ծրագրերի հապշտապ իրականացումից։ Հնարավոր է, որ Ալիևը շտապում է, համարելով, որ իր դաշնակիցը չի կարող մնալ իշխանության ղեկին, հնարավոր է, որ Փաշինյանն անկյուն է քշված՝ առայժմ անկարող լինելով կատարել սեփական խոստումները, և նույնպես վա-բանկ է գնում։

Պարզ է լոկ մեկ բան. Սյունիքի համար մղվող մարտը իրականում մարտ է Հայաստանի համար։ Դա պայքար է գլոբալ աշխարհաքաղաքական հաշվարկներում սոսկ հլու-հնազանդ մանր խաղաքար չդառնալու համար և պահպանելու այն, ինչը դեռ հնարավոր է պահպանել։ Սա մարտ է ընդդեմ նրանց, ովքեր ցանկանում են ոչնչացնել հայ ժողովրդին և հայոց պետականությունը, և այս մարտում պարտվել մենք չենք կարող, քանզի խաղադրույքը չափազանց մեծ է մեզ համար։ Ապրիլի 21-ին սյունեցիները դաս տվեցին ողջ Հայաստանին ու համայն հայությանը, թե ինչպես է պետք պայքարել Հայրենիքի համար։ Պատմության ավելի վաղ տված բոլոր դասերը մենք, ինչպես ցույց են տալիս այսօրվա իրողությունները, այդպես էլ չենք յուրացրել։ Կհասկանանք արդյոք և կյուրացնե՞նք այս դասը. սույն հարցի պատասխանից է կախված ինչպես Սյունիքի համար մղվող մարտի, այնպես էլ Հայաստանի համար ընթացող դիմակայության ելքը, որտեղ ներքին թշնամին ոչ պակաս վտանգավոր է, քան արտաքին թշնամին։

Այսքանից հետո հնարավո՞ր է արդյոք բացառել, որ Հայաստանի իշխանությունները կարող են իսկական, զենքի կիրառմամբ պատերազմ սկսել սեփական ժողովրդի դեմ՝ Ալիևին թիկունքից օգնելու համար։ Բացառված չէ. այս իշխանության և վարչապետի աթոռից կառչած այս սուբյեկտի պարագայում իսկապես հնարավոր է ամեն ինչ։