ՄԻՊ․ Ալիևը հպարտությամբ է նշում, որ իր ջանքերի շնորհիվ մեծացել է ատելությամբ լցված սերունդ

Արտակարգ դրության ժամանակահատվածում կանանց իրավունքների պաշտպանության հարցերը, հատկապես ընտանիքում բռնությունը սուր դրսևորումներ ստացան։ Այս մասին ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Այդ ժամանակ հատուկ աշխատանքային խումբ ստեղծվեց, որը վերաբերում է կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանը. «Երբ մարդիկ չէին աշխատում, բոլորը տանն էին, ավելի էր սրել իրավիճակը, հատկապես սոցիալական խնդիրներն էլ էին ավելացել այդ ամենին»,-ասաց Արման Թաթոյանը։

Վերջինս նկատեց՝ 2020-ի պատերազմը նպաստեց նաև երկրի ներսում խնդիրների սրվելուն։ Արման Թաթոյանի գնահատմամբ պատերազմի ողջ ընթացքում տեղի են ունեցել մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներ, որոնք պատերազմական հանցագործություններ էին.

«Լրջագույն խնդիր է նաև ադրբեջանական ատելության, թշնամանքի քարոզի և այսօր արդեն ֆաշիզմի հասնող քաղաքականությունը։ Երբ առաջ եկավ մարդկային կոնտակտը, ադրբեջանական զինված ուժերն այս պատերազմի ժամանակ միանգամից սկսեցին դաժանությունները։

Միանգամից տելեգրամյան ալիքներ բացվեցին, որոնք մեր դիտարկմամբ ադրբեջանական իշխանությունների հետ կապված ալիքներ էին։

Պետք է հստակ արձանագրենք այն, որ այս ատելության ու թշնամանքի քաղաքականությունը նոր չէ, բայց պատերազմի ընթացքում էլ ավելի սրվեց, որովհետև ակնհայտ ուղեկցող գործոն էր»,-ասաց մարդու իրավունքների պաշտպանը։

Արման Թաթոյանը նկատեց՝ Ադրբեջանի ղեկավարը մեծ հպարտությամբ է նշում, որ իր ջանքերի շնորհիվ մեծացել է ատելությամբ լցված սերունդ, տեղեկացնում է Փաստինֆո։