Արթուր Դավթյան․ Աննա Վարդապետյանը որպես վարչապետի խորհրդական չի գործել

Վարչապետի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը քրեական գործերին միջամտելիս որպես վարչապետի խորհրդական չի գործել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, տեղեկացնում է News.am։

«Այդ փաստերը մենք անարձագանք չենք թողել։ Ուղարկել ենք վարույթն իրականացնող մարմին, դրանով քրեադատավարական գործընթաց է մի մասով իրականացվել, մի մասով իրականացվում»,- նշեց նա։

Լրագրողի այն դիտարկմանը, որ Վարդապետյանը շարունակում է պաշտոնավարել, և, որ արտահոսքի առնչությամբ է քննություն ընթանում, Գլխավոր դատախազն ասաց. «Այն մասով, որով կայացվել է որոշում, մենք գտել ենք, որ այնտեղ հանցագործության դեպք չկա։ Ըստ այդ նյութերով ձեռք բերված փաստական տվյալների՝ նա որպես վարչապետի խորհրդական չի գործել։ Հիմա որ այստեղից քայլենք, դու մոտենաք, ասեք՝ ես այսպիսի մի իրավական խնդիր ունեմ, ես կարող է չզլանամ և ձեզ իրավական խորհրդատվություն տամ»։

Հարցին, թե իր կարծիքով, դա բարի կամքի դրսևորո՞ւմ էր, Արթուր Դավթյանը պատասխանեց՝ այո. «Կարգավիճակը չի խոչընդոտում մարդկանց խորհրդատվություն իրականացնելու»։