Քաշաթաղցիների բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաշաթաղի բնակիչներն այսօր՝ մայիսի 3-ին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ:

 


Քաշաթաղի շրջանի Միջնավանի քաղաքապետարանի քարտուղար Մարիամ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Այն, ինչ որոշում է կառավարությունը, հայտարարում են պաշտոնապես, իրականում ոչ մի բան չի կատարվում, մենք մնացել ենք անելանելի վիճակում: Երեկ Ստեփանակերտից եկել էր Հայկ Խանումյանը, ով ասաց, որ քաշաթաղցիները, բոլորը պետք է գան ու բնակվեն Արցախում, պետք է շենացնեն Ղարաբաղը: Սիրով, հասկանում եմ, ընդունում եմ պետականամետ քաղաքականությունը, բայց ինչ վերաբերում է Քաշաթաղի հարավային թևին, այնտեղ բոլորը վերաբանակեցվածներ են, որոնք 30 տարի շարունակ արյուն ու քրտինք են թափել, հող են սարքել, տուն են դրել և բառիս բուն իմաստով իրենց հագի մի ձեռք հագուստով կանայք դուրս են եկել ամենավերջին օրերին, իսկ տղամարդիկ Ջաբրայիլ ու Իշխանաձոր են պահել: Ու հիմա այդ մարդկանց համոզել, որ գնում եք Մարտակերտի ամենասահմանային գյուղերում նորից հող մշակեք, մենա ձեր տունը կսարքենք, իսկ եթե չգաք, ոչ մի բան չեք ստանա: Չկա տենց բան, մենք խնդրում ենք կառավարությունից՝ բավական է պետական մակարդակով մարդկանց խաբեն: Ժողովուրդը դարձավ էստեղից-էնտեղից օգնություն մուրացո՞ղ: Մենք էդ մարդը չենք: Ասում են՝ ձեր 5 մլն-ը կարող եք ստանալ: Բայց մենք 5 մլն-ի գույք եմ թողե՞լ: Եթե մեզ Հայաստանում չապահովեն, ես դիմելու եմ միջազգային դատարան: Մենք տեսել ենք, թե ոնց են հաղթած պարտություն դրել մեր ուսերին»,-ասաց նաա;

Մեկ այլ քաշաթաղցի կին՝ Անուշ Պետրոսյանը, նշեց, որ վարկ է վերցրել, երկու տուն է սարքել ու հիմա տվել է թուրքերին. «Ապրուստ առա, նորացրի, որ իմ երեխեքը վայելեն, տղաս գնաց պատերազմ, չեկավ: Տղաս Ջաբրայիլում է զոհվել: Եթե իմ Միջնավանը կվերադարձնեն ինձ, ես վազելով կգնամ ապրելու, բայց ուրիշ տարածքում չեմ գնա ապրի: Ես երևանցի եմ, բայց էնտեղ տուն դրեցի, ես Ղարաբաղում չեմ ապրի: վարձով եմ ապրում: Թող ինձ մի անկյուն տան, ես գնամ ապրեմ: Ես դեռ իմ երեխայի փողն էլ չեմ ստացել»,-ասաց նա, տեղեկացնում է News.am: