Փաշինյանը` անվտանգային համակարգերի մասին

Սյունիքում ռուսական 102-րդ ռազմաբազայի երկու նոր հենակետ է ստեղծվել։ ԱԺ իր ելույթում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` խոսելով անվտանգային համակարգերի մասին։

«Այդ երկու նոր հենակետերը լրացուցիչ երաշխիք են Սյունիքի և ՀՀ–ի անվտանգությունն ապահովելու համար»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո ՀՀ արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել. այն նախ հիմնված է եղել հայ–ռուսական համատեղ զորախմբի և ՀԱՊԿ–ի հակաօդային պաշտպանության համակարգ ունենալու վրա։

«Երբ մի շարք մարդիկ փորձում են ի ցույց դնել, որ մի շարք կայացրած որոշումներ անվտանգության նոր սպառնալիքներ են ստեղծել Սյունիքի համար, ապա պետք է ասեմ, որ նրանք իրավիճակը խորը չեն դիտարկել։ ՀՀ–ի բոլոր սահմանների պաշտպանությունը իրականացվում է հայ–ռուասական համատեղ զորախմբի ջանքերով, ինչը չի նշանակում, որ բոլոր տեղերում պետք է մարտական դիրքեր լինեն»,–ասաց Փաշինյանը։

Փաշինյանը հիշեցրեց, որ անվտանգության նորմերը վերաբերում են ՀՀ բոլոր սահմաններին, իսկ սահմանների նկարագրությունն ԱԺ–ն տվել է 2010-ին` «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, տեղեկացնում է Sputnik Armenia։