30 ՏԱՐԻ ԱՆՑ «ԿՈԼՑՈ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԿՐԿՆՎԵԼ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԵՎ ՏԱՎՈՒՇՈՒՄ

«...Գործողություններն իրականացվում են բիրտ ուժի և զենքի կիրառմամբ, հանգեցնելով սպանությունների, խեղումների և անձնական ունեցվածքի կորստի»: «Բանտարկության ընթացքում նրանք (հայ գերիներըՄ.Գ.) ամեն օր ենթարկվել են ծեծի, ինչի մասին վկայում են հետքերը նրանց մարմինների վրա, և մարդկային ու ազգային արժանապատվությունը նվաստացնող դաժան վերաբերմունքի»: Այս երկու մեջբերումները Սախարովի միջազգային կոնգրեսի պատվիրակության զեկույցից են, որը 1991թ. մայիսին այցելեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ գյուղեր, որտեղ իրականացվել էր «Կոլցո» գործողությունը: Երրորդ մեջբերումը ՀՀ օմբուդսմենի զեկույցից է. «Ադրբեջանցիների զինված հարձակումներն ուղեկցվել են անմարդկային ու դաժան վերաբերմունքով, ինչպես ռազմագերիների, այնպես էլ քաղաքացիական անձանց գլխատմամբ ու կտտանքներով»:

СПУСТЯ 30 ЛЕТ ОПЕРАЦИЯ 'КОЛЬЦО' МОЖЕТ ПОВТОРИТЬСЯ В СЮНИКЕ И ТАВУШЕ

Աշխարհի տարբեր երկրներից եկած իրավապաշտպանների պատվիրակության զեկույցի և Արման Թաթոյանի բազմաթիվ զեկույցներից մեկի միջև ժամանակային տարբերությունն ուղիղ 30 տարի է, բայց էությունն անփոփոխ է. Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու հայատյացությունը հավասարապես դրսևորվել են և՛ այն ժամանակ, հակամարտության արշալույսին, և՛ բոլոր այս տասնամյակների ընթացքում, և՛ այսօր: «Կոլցո» գործողությունը, որի ընթացքում ավելի քան 10 հազար մարդ արտաքսվեց Արցախի շուրջ 30 հայկական գյուղերից, կրում էր ռազմական-ահաբեկչական բնույթ. դա պատերազմ էր, որը խորհրդային Կրեմլի և Ադրբեջանի կողմից հայտարարվել էր խաղաղ հայ բնակչությանը, տարածքը հայերից մաքրելու նպատակով։ Այն սկսվեց ապրիլի 30-ին Գետաշենում ու Մարտունաշենում և շարունակվեց գրեթե 4 ամիս՝ մինչև ԱԴՊԿ-ի ձախողումն օգոստոսի 19-ին, փաստացիորեն նշանավորելով Ղարաբաղյան հակամարտության անցումը ռազմական փուլի։

Գործողությունը, ինչպես վկայել են միջազգային դիտորդները, ուղեկցվել է մարդու իրավունքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով, դաժան ու անմարդկային վերաբերմունքով, սպանություններով, խոշտանգումներով, հազարավոր մարդկանց առևանգումով ու թալանով։

Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում նախորդ տարվա աշնանը, նույնպես ռազմական-ահաբեկչական գործողություն էր, որն ուղեկցվում էր Արցախի ժողովրդի հանդեպ Ադրբեջանի բազմաթիվ հանցագործություններով։ Այդ թվում՝ խաղաղ բնակիչների ու զինծառայողների նկատմամբ դաժան ու անմարդկային վերաբերմունքով, սպանություններով, կտտանքներով, մարդկանց տնից ու ունեցվածքից զրկելով, էթնիկ զտումներով։ Թուրքի քաղաքականությունը չի փոխվում. այն ամենը, ինչ արցախցիները տեսել են 30 տարի առաջ, կրկնվեց աշնանը և շարունակվում է առ այսօր։ Սա ցեղասպանության և հայատյացության քաղաքականություն է՝ ուղղված հայերին իրենց Հայրենիքից վերջնականապես վտարելուն և թուրքական ծավալուն զավթախուժմանն արդեն Հայաստանի Հանրապետության տարածք։

1991 թվականին գործողությունը հաջողվեց կասեցնել, իսկ հաջորդած պատերազմը հանգեցրեց Արցախի ազատագրմանը։ Սակայն հայկական տարածքների մի մասն այդպես էլ մնացին բռնազավթված, այդ թվում Գետաշենն ու Մարտունաշենը, Շահումյանի և Մարտակերտի շրջանների մի մասը։ Դրա հետ մեկտեղ, գրեթե մոռացվել է այն փաստը, որ գործողությունն ընթանում էր նաև Հայաստանի սահմանամերձ շրջանների նկատմամբ՝ գլխավորապես Տավուշի և Սյունիքի մարզերում։ Խորհրդային Հայաստանի բնակիչները ենթարկվում էին հարձակումների, գնդակոծման ու ռմբակոծման, նրանց առևանգում էին, սպանում, ահաբեկում, ստիպելով լքել իրենց տներն ու մեկնել Հանրապետության խորք։ Մայիսի 8-ին Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մոտ տեղի ունեցած ողբերգությունը, երբ դիմահար գնդակոծվեց հայ միլիցիոներներին տեղափոխող ավտոբուսը, սպանվեց 11 մարդ (ևս երեքը ստացած վերքերից մահացան ավելի ուշ) և գերեվարվեց 10 մարդ, Հայաստանի սահմանամերձ տարածքում «Կոլցո» գործողության առավել հայտնի դրվագն է։

... 2020 թվականի նոյեմբերին, երբ Քարվաճառի բնակչությունը լքում էր իր տները Փաշինյանի ստորագրած խայտառակ համաձայնագրի արդյունքում, շատերը մտաբերում էին հենց «Կոլցոն»։ Զուգահեռներ անցկացնում, թե ինչպես էին 1991-ին ադրբեջանցիները հայկական գյուղերի բնակիչներին մի քանի ժամ կամ օր տալիս տարհանման համար, իսկ 2020-ին քարվաճառցիները ստիպված եղան ճիշտ նույն կերպ, հապշտապ, խուճապահար թողնել իրենց տներն ու մեկնել փաստացի անհայտ ուղղությամբ։ Կադրերը, թե ինչպես էին մարդիկ փորձում փրկել ողջ կյանքի ընթացքում վաստակած ունեցվածքի գոնե մի մասը, անասունները, ինչպես էին արտաշիրմում իրենց հարազատների աճյունները, որպեսզի գազանը չպղծի, դեսուդեն ընկնում բեռնատար տրանսպորտի որոնումներով, այրում հարազատ տները, որպեսզի բաժին չհասնեն թշնամուն, միաժամանակ նզովելով Նիկոլին. այդ ամենը դեռ շատ թարմ է հիշողության մեջ։ Եվ այդ ամենը տեղի ունեցավ նաև այն պատճառով, որ կապիտուլյանտի մտքով անգամ չանցավ համաձայնության մեջ նախորոշել ժամկետները և բավարար ժամանակ տալ մարդկանց տարհանման համար. շա՜տ էր շտապում հաճոյանալ թուրքերին և կատարել այն, ինչի համար իրեն նստեցրել են վարչապետի աթոռին։ Չենք խոսում արդեն այն մասին, որ իշխանությունները գործնականում մենակ թողեցին մարդկանց սարսափելի աղետի մեջ

СПУСТЯ 30 ЛЕТ ОПЕРАЦИЯ 'КОЛЬЦО' МОЖЕТ ПОВТОРИТЬСЯ В СЮНИКЕ И ТАВУШЕ

Այն ժամանակ Քարվաճառից գաղթն անվանեցին Նիկոլ Փաշինյանի «Կոլցո» գործողություն, և դա ամենահրեշավոր գնահատականն է, որը կարող է տրվել Հայաստանի ղեկավարին։ Քանզի 30-ամյա վաղեմության գործողությունն ինքնին դարձել է հայկական գյուղերի քաղաքացիական բնակչության դեմ իրականացված պետական ահաբեկչության, սանձարձակ կամայականության, անօրինականության, դաժանության, զանգվածային բռնությունների և սպանությունների խորհրդանիշը։ Ադրբեջան հանցագործ պետությունը, Թուրքիայի հետ միասին, և՛այն ժամանակ, և՛այսօր հավատարիմ է մնում ցեղասպանության և էթնիկ զտումների իր քաղաքականությանը։ Բայց 3 տասնամյակ անց հայ ժողովրդի վիթխարի ողբերգությանը անմիջական մասնակցություն ունեցավ հենց Հայաստանի ղեկավարությունը. այդ մասին են վկայում բազմաթիվ փաստերը, իսկ ամենից առավել՝ այն հանգամանքը, որ իշխանությունները ոչ միայն մտադիր չեն հետաքննել պատերազմի 44 օրերի ընթացքում տեղի ունեցածը, այլև անում են ամեն ինչ՝ ճշմարտությունը կոծկելու և անմոռանալին մոռանալ մեզ ստիպելու համար։

Գաղթը Քարվաճառից, որն ընդմիշտ մնաց հիշողության մեջ՝ այրվող տների և դավաճանաբար թշվառության մատնված փախստականների լուսանկարներով ու տեսանյութերով, արդեն պատմություն է դարձել, թեև այդ մարդկանցից շատերի ճակատագիրը դեռևս անորոշ է: Սակայն այդ պատմությունն ամենևին էլ ավարտված չէ. այն, ինչ պատերազմից հետո գրեթե ամեն օր տեղի է ունենում Սյունիքում, այն քաղաքականությունը, որ վարում են ՀՀ փաստացի իշխանությունները, այն փաստաթղթերն ու բանավոր պայմանավորվածությունները, որ նրանք կնքել են Ադրբեջանի իշխանությունների հետ և որոնք թաքցնում են հայ ժողովրդից, բացարձակ իրական են դարձնում արդեն Հայաստանի տարածքից հայերի վտարման գործողության սպառնալիքը։

Իրադարձությունները կրկնվում են մեկին մեկ, ձեռագիրը նույնն է. մշտական գնդակոծություններ, ըստ էության՝ զինված տեռոր, անասուների առևանգում, «քարե պատերազմ» (տրանսպորտի քարկոծում), մշտական հարձակումներ ու բռնություններ բնակիչների նկատմամբ. հիշենք ՀՀ տարածքում վերջերս տեղի ունեցած հարձակումը հովվի վրա, առևանգման փորձերը, իրենց դիրքերն առաջ բերելու ձգտումը։ Այս ամենը Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչների այսօրվա առօրյան է։ Տավուշում նույնպես անհանգիստ է և բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այնտեղ էլ թուրքական էքսպանսիայի իրական վտանգ կա։ Հիշենք վերջերս տեղի ունեցած միջադեպը, երբ մի քանի տասնյակ ադրբեջանցի զինծառայողներ հանգիստ ներթափանցել էին չեզոք գոտի, որպեսզի «ջուր տանեն» դիրքերում գտնվող իրենց ցեղակիցներին։

Ըստ էության, գործընթացը վաղուց հրապարակային բնույթ է կրում. Ալիևը ոչ միայն չի թաքցնում, այլև լպիրշ կերպպով պարբերաբար նկրտումներ է հնչեցնում Հայաստանի տարածքի, առնվազն Զանգեզուրի նկատմամբ։ Ի պատասխան՝ Երևանից լսվում է միայն մեկ բարձր ձայն. Մարդու իրավունքների պաշտպանի ձայնը։ Այն ամենը, ինչ փորձում են ձևացնել (կամ ձևացնում են, թե փորձում են) Փաշինյանի կառավարության ներկայացուցիչները, ավելի շատ հիշեցնում է անհասկանալի բովանդակությամբ անհոդաբաշխ բառաչ։ Փոխարենը՝ այս կառավարությունը հենց նույն Սյունիքում շատ ավելի հաջող ու ագրեսիվ պայքարում է սեփական քաղաքացիների դեմ…

Ոչ մի կասկած չկա, որ հայկական սահմանամերձ գյուղերի բնակիչների համար իշխանությունները նախատեսել են քարվաճառցիների, քաշաթաղցիների, հադրութցիների ճակատագիրը, և պատրաստ են հանձնել Սյունիքը՝ բնակչությամբ հանդերձ, միջանցիկ բակի վերածելով հայկական Զանգեզուրը թուրքերի համար։ Եվ բնավ պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի պետական կառույց, այդ թվում ԱԳՆ-ը և խորհրդարանը, չհիշեցին «Կոլցո» չարաբաստիկ գործողության 30-ամյակի մասին։ Հայտարարությամբ հանդես եկավ միայն Արցախի ԱԳՆ-ը, նաև սոցցանցերի օգտատերերը զետեղեցին այդ օրերի վերաբերյալ գրառումներ, լուսանկարներ, տեսանյութեր։ Հիշեցին ապրիլի 30-ին հերոսաբար զոհված Թաթուլ Կրպեյանին, Սիմոն Աչիկգեզյանին և այլոց ... Հիշեցին Իգոր Մուրադյանին, որը վերջինն էր Գետաշենի պաշտպաններից, որ հեռացավ գյուղից մայիսի 7-ին…

Փաշինյանական Հայաստանում ընդունված չէ մտաբերել Ադրբեջանի գործած ոճիրները, չենք խոսում արդեն դրանց դատապարտման ու իրավական գնահատականի մասին։ Փաշինյանական Հայաստանում չեն դատապարտում, այլ կրկնում են հայ ժողովրդի դեմ թուրքերի գործած ոճիրները։ Գաղթը Քարվաճառից և այն, ինչ այսօր տեղի է ունենում Սյունիքում, դրա համոզիչ ապացույցն են։ Բազում ապացույցների շարանում։