Թաղավարդում ադրբեջանցիները գերեզմանատներ են ավերել

Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում, որի կեսը 44-օրյա պատերազմի հետևանքով անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, ադրբեջանցիները գերեզմանատներ են ավերել։ Այս մասին News.am-ին պատմեց Թաղավարդի համայնքապետ Օլեգ Հարությունյանը։

«Հեռադիտակող տեսանք, դեռ կեսն են ավերել, ենթադրում եմ, որ շուտով ամբողջովին կավերեն էլի։ Դե որ սկսել են քանդել, կքանդեն էլի։ Գերեզմանատներն իրենց վերահսկողությանն են անցել, դրանից էլ այդպես են վարվում»,- ասաց Օլեգ Հարությունյանը։

Անդրադառնալով համայնքի անվտանգությանը՝ համայնքապետն ասաց. «Էսօրվա դրությամբ հանգիստ է, գյուղացիներն իրենց առօրյա հոգսերով են։ Դպրոցն աշխատում է։ Արոտավայրեր չկան, գյուղացիներն անասունները պահում են անասնագոմերում։ Եթե դուրս հանեն, էլ չեն կարող գտնել, միանգամից թուրքը կտանի»։