Արցախի ԱԳՆ-ն` ԵԽ պատգամավորների նախաձեռնության մասին

Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը։ Տեղեկանում ենք Արցախի ԱԳՆ պաշտոնական կայքից։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահին ու Եվրոպական խորհրդի նախագահին՝ հարկադրելու Ադրբեջանին հայ ռազմագերիներին ազատ արձակել:

«Բարձր ենք գնահատում Եվրոպական խորհրդարանի 121 անդամների նամակը՝ ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդի նախագահին՝ ներկայումս Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին: Կարևորում ենք Եվրոպական խորհրդարանի անդամների դիրքորոշումը՝ բարձրաձայնել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մասին և պաշտպանել Արցախի օրինական պահանջը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի ԱԳՆ-ն հայտնում է, որ նման քայլը մարդասիրության, բարոյական արժեքների և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների նկատմամբ հարգանքի օրինակելի դրսևորում է, տեղեկացնում է Sputnik Armenia։