Թաթոյանն Ալիևի ելույթից հատվածներով նամակ է ուղարկել ԵԱՀԿ նախագահին և ՄԽ համանախագահներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին պաշտոնական նամակներով ուղարկել է Ադրբեջանի նախագահի վերջին ելույթների այն հատվածները, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են: Տեղեկանում ենք Թաթոյանի ֆեյսբուքյան էջում արված գրառումից։

«Այդ ելույթներում Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր, որոնք նսեմացնում են ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը։ Դրանք ահաբեկող բնույթի են, լարվածություն են առաջացնում հայկական հասարակությունում, և իր ելույթներով նա ընդգծում է ադրբեջանական ժողովրդի առավելությունները»,–գրում է Թաթոյանը։

Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած այս գործընթացը նոր է և կրելու է շարունակական բնույթ:

Թաթոյանը վստահեցնում է` Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձներն այսուհետ ենթարկվելու են հատուկ մոնիթորինգի: Այս ամենի նպատակն է, ըստ ՄԻ պաշտպանի, ցույց տալ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան բնույթի քաղաքականությունը, տեղեկացնում է Sputnik Armenia։