Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ․ «ՍՅՈՒՆԻՔԻՑ ՀԱՆՁՆՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ»

Ինչպես երևում է ԽՍՀՄ ԳՇ և հիմնականում դրա հիման վրա կազմված «Գուգլ» ընկերության քարտեզներից, ՀՀ Սյունիքի մարզի և Արցախի Քաշաթաղի շրջանի հատման տեղում գտնվող Սև լիճը մեծ մասամբ (գրեթե ամբողջությամբ) գտնվում է Սյունիքի տարածքում, հետևաբար՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախորդ տարվա ավարտին խեղկատակային «ջիպիէսային» սկզբունքով իրականացված դե-ֆակտո ապօրինի «սահմանազատման» արդյունքում պիտի չօկուպացվեր թշնամու կողմից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանցիների կողմից հրապարակված այս տեսանյութից (թվագրումը՝ ապրիլի 30, 2021 թ) երևում է, որ ադրբեջանցիներն ամբողջությամբ զբաղեցրել են տարածքը՝ ներթափանցելով նաև Սյունիքի մարզի տարածք։

• Պատճառը պարզ է՝ Ադրբեջանն առաջնորդվում է առավելագույն ընդարձակման (հատկապես՝ ռեսուրսառատ վայրերում) քաղաքականությամբ, իսկ ՀՀ կապիտուլյացիոն իշխանությունները՝ կապիտուլյանտ պարագլխի ղեկավարությամբ՝ «սաղ տանք, պրծնենք» տմարդի և վախկոտ սկզբունքով։ Սրան զուգահեռ՝ չեն խորշում նաև լկտիաբար հասարակությանը ստելուց, թե իբր Սյունիքից ոչինչ չի զիջվել։

• Մամուլի հարգարժան ներկայացուցիչներին կոչ եմ անում գրավոր հարցումներ հղելու կապիտուլյացիոն վարչակարգի պատկան մարմիններին, թե ինչպես է թշնամին հայտնվել տեսանյութում նշված վայրում (աշխ կոորդ՝ 39°35'51.6" հս 46°14'31.2" արլ)»:

News.am