Արցախում դադարեցվել են աճյունների որոնումները

Արցախյան հակամարտության գոտում զոհվածների աճյունների որոնումներն անորոշ ժամանակով դադարեցվել են։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի քարտուղար Հունան Թադևոսյանը։

«Զոհվածների աճյունների որոնումներ չեն իրականացվում մայիսի 4-ից սկսած՝ ուղեկցորդի բացակայության պատճառով»,-նշեց Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ հենց որ տեղանքին լավ ծանոթ մարդ գտնվի, որոնողական աշխատանքները կվերսկսվեն։ Մոտակա ժամանակներս նախատեսվում է որոնումներ իրականացնել Վարանդայում (Ֆիզուլի), Ջրականում (Ջաբրայիլ), Հադրութում և Որոտանում։

Որոնումների ամբողջ ընթացքում, որոնք սկսվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում զինադադարի հաստատումից հետո, հայտնաբերվել կամ հայկական կողմին է հանձնվել ինչպես մարտական գործողությունների մասնակիցների, այնպես էլ քաղաքացիական անձանց ընդհանուր առմամբ 1553 աճյուն և մարմին։