ՌԴ-ի ՀՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշվելու է հանդիսավոր կերպով

Ռուսաստանը և Հայաստանը դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության և համագործակցության պայմանագրի 25-ամյակը նշելու են հանդիսավոր միջոցառումների մի ամբողջ ցիկլով, որոնք նպատակ ունեն ընդգծել հարաբերությունների դաշնակցային բնույթը: Այս մասին Երևանում իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Հոբելյանական օրերը նշվելու են հաջորդ տարի:

Նրա խոսքով՝ միջոցառումների ծրագիր է նախապատրաստվում: «Վստահեցնում եմ, որ այն գեղեցիկ կլինի և լավ կընդունվի մեր քաղաքացիների կողմից»,- հավելել է նախարարը:

Սերգեյ Լավրովը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը և արտգործնախարարը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Ռուս նախարարը շնորհավորել է գալիք Հաղթանակի օրվա առթիվ՝սուրբ ամսաթիվ, որը մեր ժողովուրդների, ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների ընդհանուր հարստությունն է:

«Մենք փայփայում ենք կարմիր բանակի հիշատակը, որը փրկեց աշխարհը շագանակագույն ժանտախտից»,- ասաց Լավրովը:

Նախարարը հակիրճ անդրադարձավ երկկողմ հարաբերությունների շրջանակին տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական, կրթական, առողջապահական և անվտանգության ոլորտներում:

«Մենք համընկնող դիրքերիցդիտարկել ենք մի շարք տարածաշրջանային և միջազգային սյուժեներ: Պայմանավորվել ենք շարունակել սերտորեն համակարգել համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, աջակցել նախաձեռնություններին և թեկնածուներին»,- ասաց ԱԳՆ ղեկավարը:

Նրա խոսքով՝ ՌԴ-ի և ՀՀ-ի հարաբերությունները կայունության և խաղաղության կարևոր գործոն են Հարավային Կովկասում: Լավրովը հայտնեց նաև, որ Արա Այվազյանին հրավիրել է հերթական այցով այցելել Ռուսաստան, տեղեկացնում է News.am: