Փաշինյանը՝ Լավրովին․ Բաքուն իրականացնում է հակահայկական վակխանալիա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պատրաստ ենք առավելագույն ջանքեր գործադրել՝ կողմերի միջև, եռակողմ ձևաչափով, կառուցողական երկխոսություն ապահովելու համար, սակայն Ադրբեջանի գործողությունները չեն նպաստում եռակողմ երկխոսության առաջընթացին, այդ մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է, որ Բաքվի գործողությունները, որը մանիպուլացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, իրականացնում է հակահայկական վակխանալիա:

 

«Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է հայտնում և հիմա էլ սկսել է ոչնչացնել հայ ժողովրդի մշակութային ու կրոնական ժառանգությունը, հակառակը, ուղղված են տարածաշրջանում իրավիճակի լարմանը և պայմանավորվածությունների տապալմանը», - նշել է Փաշինյանը:

Այդ համատեքստում վարչապետի պաշտոնակատարը գոհունակությամբ նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունները, որի վերջին հայտարարությունը, Փաշինյանի խոսքով, արձագանք է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը.

«Համանախագահների՝ ապրիլի 13-ի հայտարարության մեջ արտահայտված դիրքորոշումը համահունչ է այսօր առկա հիմնական խնդիրների առնչությամբ մեր դիրքորոշմանը: Այս առումով ցանկանում եմ ընդգծել մեր դիրքորոշումն առ այն, որ անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով, համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա»:

Լավրովի հետ հանդիպմանը Փաշինյանը նաև արձանագրել, որ վերջին ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվել՝ հերթական անգամ անցնելով ամրության փորձությունը: Նա ընդգծել է, որ այսօր Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ամուր երաշխիք է հանդիսանում:

«Առանձնահատուկ ցանկանում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի դերը տարածաշրջանում խաղաղության ձեռքբերման հարցում, ինչպես նաև նրա ջանքերը Լեռնային Ղարաբաղի կենսագործունեության համար պայմանների ստեղծման ուղղությամբ: Այս առումով կցանկանայի վստահեցնել, որ Հայաստանն այսուհետ ևս կշարունակի ձեռնարկել բոլոր միջոցները՝ ուղղված այն պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով», - ասել է Փաշինյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։