Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ. ԿՅԱՆՔՆ ԱՌԱՆՑ ՊԱՏՎԻ՝ ՄԱՀՎԱՆ Է ՀԱՎԱՍԱՐ

ՀՀԿ նախկին փոխնախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

«Պատիվ ունեմ

Պատիվն ուժ է տալիս՝ հաղթահարելու նույնիսկ ամենադժվար և անհնարին թվացող խոչընդոտները: Միայն պատվի և արժանապատվության հարգն իմացող մարդիկ կարող են հարգալից ու հոգատար լինել դիմացինի նկատմամբ։ Իսկ կյանքն առանց պատվի՝ մահվան է հավասար։

Պատիվ ունեմ՝ այսինքն հարգանք եմ տածում դիմացինի նկատմամբ։

Պատիվ ունեմ՝ այսինքն պատրաստ եմ արժանապատվորեն կատարել իմ բաժին ծառայությունը։

Պատիվ ունեմ՝ այսինք ապրում և ստեղծում եմ։

Սովորաբար ընդունված է կարծել, թե «Պատիվ ունեմ» արտահայտությունը

վերաբերելի և կիրառելի է միայն սպայական միջավայրում։ Դա այդպես չէ։ Քաղաքակրթության և բարեվարքության կանոններով ապրող, դաստիարակված ու հարգալից հասարակություններում այն վերաբերում է բոլորին անխտիր։

Պատիվ ունեմ, նշանակում է հարգանք և պատասխանատվություն ունեմ ինձ շրջապատող աշխարհի նկատմամբ, ինձ վստահված գործի նկատմամբ։

Հայ ժողովուրդը պատվի և արժանապատվության ժողովուրդ է։ Դա վկայում է մեր պատմությունը, մեր նվիրվածությունը ազգային արժեքներին ու Հայրենիքին։ Պատվարժան հայը նախ և առաջ իր ազգային պատկանելությամբ ապրող հայն է, իր գենետիկ հիշողության, անցյալի հպարտության և ապագայի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքով ապրող հայն է։

Պատիվ ունեմ հայ լինելու,

Պատիվ ունեմ Հայաստան պետություն ունենալու,

Պատիվ ունեմ իմ ժողովրդի անվտանգությանն ու պաշտպանությանը ծառայելու,

Պատիվ ունեմ անկախությունը պահելու և ամրացնելու,

Պատիվ ունեմ ինձ վստահված գործն ազնվորեն կատարելու,

Պատիվ ունեմ երեխաներ կրթելու և դաստիարակելու,

Պատիվ ունեմ մարդկանց բուժելու և ապաքինելու,

Պատիվ ունեմ իմ երկրի տնտեսության զարգացման մեջ ներդրում ունենալու,

Պատիվ ունեմ կառուցելու,

Պատիվ ունեմ ստեղծելու և ստեղծագործելու...

Պատիվ ունեմ՝ ուրեմն կամ, ապրո՛ւմ եմ, նպատակ ու հավատ ունե՛մ, վճռականություն և կամք ունե՜մ, սեր և սկզբունքներ ունե՛մ։

Պատիվ ունեմ»։

Panorama.am