Facebook–ը ոչնչացրել է ադրբեջանական ֆեյքերի մեծ խումբ

Facebook–ի ադմինիստրացիան ոչնչացրել է ադրբեջանական 124 Facebook հաշիվ, 15 էջ, 6 խումբ և 30 Instagram հաշիվ։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նա գրել է, որ Ֆեյսբուքի նոր ուղղորդված գործողությունների մասին զեկույցում կրկին Ադրբեջանն է հայտնվել։ Հայտնաբերվել է ֆեյքերի մեծ խումբ, որը, ամենայն հավանականությամբ, կապ է ունեցել Ադրբեջանի ՊՆ-ի հետ։

«Դրանք աշխատել են ներքին լսարանի վրա, ինչպես նաև Հայաստանի դեմ։ Գովազդի վրա ծախսվել է մոտ 15 500 դոլար։ Սքրինշոթներից երևում է, որ ֆեյքաբուծարանը նաև հայերեն ապատեղեկատվություն է տարածել հենց պատերազմի օրերին»,–գրել է նա։

Մարտիրոսյանի հարցին, թե արդյոք այս խումբը կապ ուներ դեռ անցյալ տարվա հոկտեմբերին հայտնաբերված և ոչնչացված ադրբեջանական խմբի հետ, պատասխանել են, որ կապ չեն հայտնաբերել։

Մեդիափորձագետն իր էջում ադրբեջանական ֆեյքերի օրինակների նկարներն է հրապարակել, տեղեկացնում է Sputnik Armenia։