Ընտրական օրենսգիրքը փոփոխվեց միաձայն

Ազգային ժողովը արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների փաթեթը: Այն ընդունվեց 81 կողմ ձայնով:

Փաթեթով առաջարկվում է նվազեցնել ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական գրավի չափը: Գործող օրենքով կուսակցությունների դեպքում այն 10 միլիոն դրամ է, առաջարկվում է դարձնել 7,5 մլն, դաշինքի դեպքում՝ 15 մլն դրամ:

Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 5%-ից իջեցվում է 4%-ի, դաշինքի դեպքում, եթե այն կազմված է 2 կուսակցություններից, 7 տոկոսից բարձրանում է 8 տոկոս: Երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում անցողիկ շեմը կլինի 9 տոկոս, իսկ 4 և ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս:

Փոխվում է նաև քաղաքական կոալիցիաներ ձևավորելու կարգը: Առաջնահերթ կոալիցիա ձևավորելու հնարավորություն է տրվում այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ընտրությունների արդյունքով ձայների մեծամասնություն է ստացել: Վերջինս 14 օրվա ընթացքում կարող է կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, և նրանք համաձայնություն ունեն վարչապետի թեկնածուի վերաբերյալ։

Այժմ պատգամավորների նվազագույն թիվը 105 է (101+չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ)։ Նման նվազագույն թիվ է հավաքվում, եթե որևէ կուսակցություն կամ դաշինք հաղթում է ընտրություններում ՝ հավաքելով ձայների 50-ից 66 տոկոսը։

Եթե կուսակցությունը հավաքում է ավելի քան 66 տոկոս ձայն, ապա ընդդիմությանը տրվում են լրացուցիչ մանդատներ, որպեսզի նրանց պատգամավորները խորհրդարանում կազմեն առնվազն մեկ երրորդը։ Եթե հաղթած կուսակցությունը հավաքում է ավելի քան 50 տոկոս, բայց 54 տոկոսից պակաս, նրանց տալիս են լրացուցիչ մանդատներ, որպեսզի կարողանան հավաքել մինչև 54 տոկոս ձայն՝ նույնիսկ բացակա կամ գործուղված պատգամավորների դեպքում խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու համար։

Նախագիծը մշակած «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները մեկ անգամ ևս նշեցին, որ այս փոփոխությունները չեն կիրառվելու սպասվող արտահերթ ընտրությունների ժամանակ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: